World News in Armenian

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք

Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ շեշտելով, որ հոսպիտալացվել է 41 հիվանդ։ 

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։

Աթոյանը հայտնեց, որ հիվանդությունը Հայաստանում հայտնաբերվել է առաջին անգամ, սակայն մարդկությանը հայտնի է նախորդ դարի 60-ական թվականներից։ 

«1980-ական թվականներին Հայաստանում հետազոտվել են փոխանցողները, այսինքն՝ մոծակները: Սակայն այն ժամանակ չի հայտնաբերվել: Նախորդ տարվանից վերսկսվել են փոխանցողների շրջանում այս հետազոտությունները: Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել, այս տարի հուլիս ամսվա վերջին պարզվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը: Սա, բնականաբար, մեզ համար նշան էր, որ, եթե փոխանցողի մեջ կա հարուցիչի հայտնաբերում, ապա սա կարող է բերել նաև մարդկանց շրջանում դեպքերի գրանցման»,-ասաց Աթոյանը և հավելեց, որ անմիջական կապի մեջ են Երևանի ու մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ աշխատանքի շնորհիվ իրազեկել են բուժաշխատողներին, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում դիտարկեն նաև Արևմտյան Նեղոսի տենդը:

«Դրա շնորհիվ օգոստոսի 7-ին ստացանք առաջին նմուշը, հետազոտեցինք և ունեցանք դրական պատասխան»,-նշեց նա՝ հավելելով, որ կրկին թեստ են կատարել, օգոստոսի 10-ին հաստատվել է, օգոստոսի 12-ին իրազեկել են բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին, որ զգոնությունը բարձր լինի:

«Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում են հիմնականում 3 մարզ՝ Արագածոտնի, Արմավիրի և Արարատի, որտեղից ակնկալում ենք, որ փոխանցողները կարող են լինել: Սակայն մինչև այժմ փոխանցողների մեջ հարուցիչ հայտնաբերել ենք միայն Արագածոտնի մարզից»,-ասաց նա:

 

«Հատուկ պատվաստանյութ հիվանդության համար չկա։ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ գրեթե անախտանիշ, Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում մենինգիտով և էնեֆալիտով, դիտարկվում են մինչև մեկ տոկոս դեպքերում», - նշեց Աթոյանը՝ հավելելով, որ հիվանդությունն ունի ընդգծված սեզոնայնություն, քանի որ պայմանավորված է փոխանցողով՝ մոծակով։

Читайте на 123ru.net