World News in Armenian

Հարկային մարմին պետք է ներկայացվեն հարկ վճարողի բոլոր, այդ թվում՝ ոչ Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների քաղվածքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը: Նախագծով սահմանվում է հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, որով կարգավորվում են Հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։

Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:

Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (քաղվածք), հարկ վճարողը համապատասխան կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:

Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին են ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում՝ ոչ ՀՀ առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)՝ հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում՝ այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը: Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net