Դեմ ենք Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը վերացնելուն. Գագիկ Մինասյան
34 տարի առաջ այս օրն այս դահլիճում Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր պետության իրավական դաշտի առաջին անկյունաքարը: Այս մասին ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Հայաստանի հիմնական օրենքի ամենասկզբում ասվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը վերջերս դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլ ներքին դավաճանների շահարկման առարկա: Մենք դեմ ենք Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը վերացնելուն»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ Հայաստանի Սահմանադրությունն ու դրա հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության են ենթարկվել ամենահեղինակավոր միջազգային մասնագիտացված կառույցների կողմից, ու դրանցից որևէ մեկը երբեք այս փաստաթղթում հակաիրավական, ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել։