World News in Armenian

Ավստրալացիներին աշխատանքային ժամերից հետո գործատուի հետ «կապի դուրս չգալու իրավունք» է տրվել

Ավստրալիայում ուժի մեջ է մտել «կապի դուրս չգալու իրավունք» սահմանող օրենք, որն աշխատակիցներին թույլ է տալիս չպատասխանել գործատուների զանգերին և չկարդալ նրանց հաղորդագրություններն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նոր օրենքն աշխատակիցներին թույլ է տալիս ցանկության դեպքում աշխատանքային ժամերից հետո չհաղորդակցվել գործատուի հետ՝ առանց վախենալու, որ դրա համար իրենց կպատժեն:

2023 թվականին հրապարակված ուսումնասիրության արդյունքներով՝ ավստրալացիները տարեկան միջինը 281 ժամ կատարել են չվճարվող արտաժամյա աշխատանք։

Ավելի քան 20 երկրներ, հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, ունեն նմանատիպ կանոններ։

Օրենքը գործատուներին չի արգելում աշխատանքային ժամերից հետո կապ հաստատել աշխատողների հետ: Փոխարենը, այն աշխատակիցներին իրավունք է տալիս չպատասխանել, եթե նրանց մերժումն անհիմն չի համարվում:

Կանոնների համաձայն՝ գործատուներն ու աշխատակիցները պետք է փորձեն լուծել վեճերը միմյանց միջև։ Եթե դա չի հաջողվում, ապա հարցին միջամտում է Ավստրալիայի Արդար աշխատանքի հանձնաժողովը, որը կարող է գործատուին կարգադրել դադարեցնել կապը աշխատակցի հետ աշխատանքային ժամերից հետո:

Եթե հանձնաժողովը համարում է, որ աշխատողի մերժումն անհիմն է, նրան կարող են կարգադրել պատասխանել գործատուի զանգերին և հաղորդագրություններին:

Արդար աշխատանքի հանձնաժողովի կարգադրությունները չկատարելը կարող է հանգեցնել տունգանքների. աշխատակցի համար՝ մինչև 19,000 ավստրալական դոլարի (12,897 ԱՄՆ դոլար) չափով, ընկերության համար՝ 94,000 ավստրալական դոլարի (63,000 ԱՄՆ դոլար) չափով:

Աշխատողներին ներկայացնող կազմակերպությունները ողջունել են այդ քայլը:

Читайте на 123ru.net