World News in Armenian

Եկեք գնանք պայմանագրերի խզման ճանապարհով բոլոր նրանց հետ, ովքեր թախտի տակ են թաքնվում չծանուցվելու համար․ Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այգիների, պուրակների և տարածքների վարձավճարների չափը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին՝ նշելով, որ 3,350 հասարակական և այլ նպատակային նշանակության պայմանագրերի ավելի քան 57 տոկոսն արդեն իսկ հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով։

«Մնացած 1,438 պայմանագրից 560-ը ծանուցված, սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումով պայմանագրերն են, 457-ը խնդրահարուց դեպքերն են, 175-ը վերակնքումը մերժված, կադաստրային արժեքի բարձրացման դրույք չպարունակող կամ վարչական շրջանների կողմից վերակնքման համար ոչ նպատակահարմար պայմանագրերն են, իսկ մնացած 225 պայմանագրերը ծանուցման գործընթացի մեջ գտնվողներն են։

Հասարակական պայմանագրերի 95 տոկոսի մասով արդեն իսկ կատարվել են ծանուցման կամ ճշգրտման աշխատանքները, իսկ ինչ վերաբերում է ավտոտնակների, օժանդակ շինությունների, խորդանոցների մասով պայմանագրերին, ապա 15,946-ից 10,523-ն արդեն իսկ հաշվարկվում են նոր կադաստրային արժեքով, մնացած 5,423 պայմանագրից 1,331-ը ծանուցված սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումով պայմանագրերն են, 573-ը խնդրահարուց դեպքերն են, ընդամենը 1,294 պայմանագիր է գտնվում ընթացքի մեջ», - ասաց Հակոբյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խնդրանքին՝ տվյալները ներկայացնել համեմատականներով, նա հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ծանուցման կամ ճշգրտման աշխատանքներ իրականացվել են ավելի քան 1,000 վարձակալների մասով, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ քիչ է 400-ով։

«Կարող ե՞նք ակնկալել, որ այս 1,000 ծանուցումների կամ կրկնակի ծանուցումների մասով հաջորդ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք կունենանք», - հարցրեց Ավինյանը, ինչին Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ արդեն իսկ հասել են այն կետին, երբ դրական միտում չի ակնկալվում։

«Այդ դեպքում եկեք գնանք պայմանագրերի խզման ճանապարհով։ Այն մարդկանց հետ, որոնք չեն ծանուցվում, թախտի տակ են թաքնվում չծանուցվելու համար, գնանք խզման ճանապարհով, և նրանք բոլորը միանգամից ի հայտ կգան», - ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր հերթին առաջարկեց բոլոր խնդրահարույց դեպքերը ներկայացնել վարձակալության աշխատանքային խումբ, քննարկել և համապատասխան որոշումներ իրականացնել, ինչին քաղաքապետը դրական պատասխան տվեց։

Читайте на 123ru.net