World News in Armenian

Գավառ քաղաքը հայտնի է պատմական բոլոր շերտերի «հարստությամբ»՝ բրոնզեդարյա ժամանակներից մինչև մեր օրեր. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

ՀՀ Գեղարքունիքի մարզը երկար դարեր պատմական Սյունիքի թագավորության (իշխանության) գավառներից է եղել: Հենց այդ պատճառով էլ Երրորդ Հանրապետության վարչատարածքային միավոների ստեղծման ժամանակ ընտրվեց Գեղարքունիք անվանումը, թեև մարզի մեջ են մտնում նաև պատմական այլ գավառներ, օրինակ՝ Սոթքի գավառը: Գաղարքունիքի մարզկենտրոնը՝ Գավառ քաղաքն իր հարակից բնակավայրերով աչքի է ընկնում պատմական բոլոր շերտերի առկայությամբ՝ սկսած բրոնզեդարյան կիկլոպյան ամրոցներից, անտիկ շրջանի կոթողներից ու լավ պահպանված վաղմիջնադարյան ժառանգությունից:

Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Հացառատի (ներկայումս Գավառի թաղամաս է) Առնեղի վանքը 7-րդ դարով թվագրվող եզակի ճարտարապետական կոթող է, որի շուրջ հայտնաբերված խաչքարերն ու տապանաքարերը նմանություն ունեն նույն ժամանակաշրջանում ստեղծված Վայոց Ձորի կոթողների հետ, ինչը վկայում է, որ արդեն միջնադարում գոյություն ունեին հայկական ընդհանուր ճարտարապետական ու խորհրդաբանական չափորոշիչներ: Քչերին հայտնի Առնեղի վանական համալիրը յուրահատուկ է նաև նրանով, որ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիներն այնպես են կառուցված, որ կարելի է մեկի տարածքից անցնել մյուսը: Իսկ արդեն 1905-ին օծված Գավառի Սուրբ Աստվածածինը յուրահատուկ է նրանով, որ եկեղեցու օծմանը պատարագ է մատուցել Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը, իսկ եկեղեցու շինարարությունը նախաձեռնել է այդ պահին ապագա կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը:

Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ պատահական չէ այն հանգանանքը, որ Գավառի հիմնադրման տարեթիվ են համարում մ.թ.ա. 732 թվականը: Դրա հիմքը Վանի թագավորության Ռուսա Առաջին արքայի թողած արձանագրությունն է: Գավառը, որի պատմական անկունքները մի կողմից հասնում են մինչև Վանի թագավորության, մյուս կողմից՝ բայազետյան մշակույթ, այսօր հանդես է գալիս որպես ժամակակից քաղաք, որն իր մեջ պահպանում է Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածների կենցաղային մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը:

Գավառի հինավուրց պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Читайте на 123ru.net