Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար
Կանադան, հետևելով Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հայտարարել է, որ 100 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, երկիրը 25 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մաքսատուրքը վերաբերում է Չինաստանից ներմուծվող բոլոր էլեկտրամեքենաներին, այդ թվում՝ այնտեղ արտադրվող ամերիկյան Tesla-ներին, հայտնել է Կանադայի կառավարության պաշտոնյան:
Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների թիվը վերջին տարիներին աճել է 460 %-ով՝ 2023 թվականին հասնելով 44 356-ի, երբ Tesla-ն սկսեց Կանադա ներմուծել Շանհայում արտադրված էլեկտրամեքենաները։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ սրանով երկիրը փորձում է հակազդել, իր խոսքով, Չինաստանի կանխամտածված, պետության կողմից ղեկավարվող գերառաջարկի քաղաքականությանը։
Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից։
Կանադայում Չինաստանի դեսպանատունն այս քայլն անվանել է քաղաքական՝ նշելով, որ սա կազդի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային նորմալ համագործակցության վրա։