World News in Armenian

Փարիզում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանի դրոշակակիրը եղել է Գրետա Վարդանյանը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։

Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է նաև դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը եղել է պարածանրորդ Գրետա Վարդանյանը:

Խաղերի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսը։

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Սարգիս Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Հաջորդիվ՝ սեպտեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսի Սմբատ Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Գրետա Վարդանյանը:

2024 թվականի Պարալիմպիկ խաղերում 4400 պարաատլետ կմրցի 20 մարզաձևում։ 11 մրցութային օրերի ընթացքում նրանք կպայքարեն մեդալների 549 հավաքածուի համար։

The post Փարիզում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանի դրոշակակիրը եղել է Գրետա Վարդանյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net