Հունական զբոսաշրջային քաղաքներից մեկի ափը ողողվել է հարյուր հազարավոր անկած ձկներով (տեսանյութ)
Հունաստանի իշխանությունները շարունակում են հավաքել հարյուր հազարավոր անկած ձկները Էգեյան ծովի նավահանգստային Վոլոս քաղաքի ափերից: The Guardian-ը հաղորդում է, որ անկած ձկները ծովում են հայտնվել անցյալ տարվա հեղեղումներից հետո, որոնց պատճառով լճերն ու գետերը դուրս են եկել ափերից։
Նշվում է, որ ձկներից սարսափելի գարշահոտություն է տարածվել։ Վոլոսի քաղաքապետը տեղի ունեցածի մեջ մեղադրել է իշխանություններին, որոնք խնդիրը չեն լուծել և թույլ են տվել, որ այս ամենը հասնի քաղաք։ Նա նշել է, որ հոտող ձուկը կարող է բնապահպանական ճգնաժամ առաջացնել տվյալ հատվածում ապրող այլ ձկնատեսակների համար։
Իր հերթին ERT News լրատվամիջոցը հաղորդում է, որ ձկների զանգվածային անկումը տեղի է ունեցել անհայտ պատճառներով. նրանք արհեստական լճից գետի միջոցով դուրս են նետվել ծովի մեջ։ Հավաքվել է արդեն մոտ 100 տոննա ձուկ, որն այրվելու է ձեռնարկություններից մեկում։
Փորձելով հաղթահարել բնապահպանական խնդիրը՝ իշխանությունները հատուկ ցանց են գցել ծովը՝ Վոլոսի լողափն անկած ձկներից պաշտպանելու համար։
Ըստ փորձագետների՝ խոսքը միլիոնավոր անկած ձկների մասին է, որոնց արհեստական Կառլի լճի տարածքից հոսանքը բերում է Պագասետիկոսի ծոց. նրանց անկման պատճառը դեռ հստակ հայտնի չէ։ Ենթադրաբար, քաղցրահամ ջրին սովոր ձուկը սատկել է ծովի ջուրն ընկնելուց հետո։
Վոլոսի դատախազությունը նախաքննություն է սկսել։