World News in Armenian

Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրեն Գ.Մ.-ն (մահացել է 2021թ. նոյեմբերին), չունենալով տարեկան մեծ քանակություններով մեղր և դրան համապատասխան մայրակաթ արտադրելու համար անհրաժեշտ միջոցներ և կարողություններ, իր տնօրինման տակ գտնվող ՍՊԸ-ի անվան ներքո, իր ծանոթ՝ Բելգիայի Հանրապետության քաղաքացու միջոցով, 2021թ. մարտին Սուրինամի Հանրապետությունում գրանցված, սակայն առերևույթ Բելգիայում ներսենյակային դռների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ռ.Կ.-ի հետ կնքել է 2021թ. մայիսի-հունիս ընկած ժամանակահատվածում 19.170կգ. քաշով և 1.370.000.000 ՀՀ դրամին համարժեք 2.938.622 ԱՄՆ դոլար արժեքով, 2% մայրակաթով բնական մեղր Սուրինամի Հանրապետություն մատակարարելու վերաբերյալ ձևական պայմանագիր և ապահովագրական ընկերությունից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ պատրաստել բնական մեղրին փոխարինող 19 տոննա 170կգ. նյութ:

Նշված պայմանագրի հիման վրա Գ.Մ.-ն դիմել է ապահովագրական ընկերությանը՝ իբրև թե 2% մայրակաթով բնական մեղրը նշված արժեքով ապահովագրելու համար։

Մեղրի մեջ մայրակաթի առկայությունը հավաստելու համար ապահովագրական ընկերությունը, ի թիվս այլնի, պահանջել է այդ փաստը հիմնավորող փաստաթուղթ, ինչի համար Գ.Մ.-ն դիմել է լիցենզավորված, սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ին և նրա հետ կնքել ձևական համաձայնագիր:

Այնուհետև Գ.Մ.-ն Ռ.Ա.-ին տվել է բնական մեղրի հատկանիշներով նյութի նմուշ, որը վերջինս համապատասխան արձանագրությամբ ձևակերպել է՝ որպես նմուշառված՝ Գ.Մ.-ի պահանջով արձանագրության մեջ նշելով «մեղր բնական մայրակաթով 2%» գրառումը, և որ ապրանքը համապատասխանում է իր անվանմանը։

Դրանից հետո, նմուշը և հիշյալ փաստաթուղթը հանձնվել է գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարին՝ արտադրանքի սերտիֆիկացման փորձարկումներ կատարելու համար։ Գիտահետազոտական ընկերության կողմից տրված եզրակացությունում, առանց անհրաժեշտ պարամետրերով ցուցանիշների փորձարկման, խաբեությամբ նշվել է, որ ներկայացված նմուշը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

Այնուհետև, նշված կեղծ տվյալներ պարունակող  փորձարկման արձանագրությունն ուղարկվել է սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ին, որի տնօրեն Ռ.Ա.ի հանձնարարությամբ փորձագետ Ա.Մ.-ն, փորձարկման արձանագրությունը չհամադրելով պահանջված չափորոշիչների հետ և առանց նմուշի մեջ 2% մայրակաթի առկայությունը հավաստելուն ուղղված որևէ հետազոտման, կազմել է արտադրանքի համապատասխանության կեղծ հավաստագիր՝ որպես արտադրանք նշելով «19.170կգ. 2% մայրակաթով բնական մեղր»։

Գ.Մ.-ի պահանջով սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ն նշված քանակով իբր բնական մեղրի համար կազմել է նաև «Սանիտարական հավաստագիր»՝ նշելով, որ մեղրը բաղկացած է բնական մթերքներից և պատրաստի սննդամթերք է ուղղակի սպառման համար, և որ դրա ֆիզիկաքիմիական և անվտանգության պարամետրերը համապատասխանում են տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև այն կարող է ազատորեն տարածվել ծագման կամ մատակարարման երկրում։ Գ.Մ.-ն բովանդակությամբ կեղծ համապատասխանության և սանիտարական հավաստագրերը տրամադրել է ապահովագրական ընկերությանը, որի հիման վրա կնքվել է ապահովագրական պայմանագիր։

Քննությամբ պարզվել է նաև, որ Գ.Մ.-ն պատվիրել է մեղրի տեղափոխման համար չնախատեսված, հերմետիկ չփակվող և այդ տարողությամբ մեղրի համար սահմանվածից բարակ եզրապատերով թվով 710 տարա և դրանք լցրել բնական մեղր չհանդիսացող նյութով, ինչպես նաև բեռնափոխադրող ՍՊԸ-ին պատվիրել է առանց ջերմային կարգավորման կոնտեյներ՝ այն պարագայում, երբ բնական մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը +200C-ն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ոչ ավելի,  որում  տարաները դասավորել են առանց ամրակապման և բեռների փոխադրման համար սահմանված կանոնակարգերի խախտմամբ։

Ապա նշված բեռի արտահանման համար անհրաժեշտ, այդ թվում՝ կեղծված տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոն, ապա նաև՝ ՀՀ անասնաբուժական հսկողության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ԳԾԿ ՊՈԱԿ, որոնցից տրամադրվել են համապատասխանության տեղեկանք, իրականությանը չհամապատասխանող անասնաբուժական սերտիֆիկատ, բնական մեղրի տեղափոխություն կատարելու համար անասնաբուժական վկայական։ Դրանից հետո ուղեբեռը ՀՀ-ից արտահանվել է և Սուրինամի Հանրապետություն է հասել գրեթե 2 ամիս անց՝ մինչև +310C +310C օդի ջերմաստիճանի պայմաններում, որտեղ, բացելով կոնտեյները, պարզվել է, որ ուղեբեռի շուրջ 75%-ը թափվել է, և պատվիրատուն հրաժարվել է այն ընդունելուց։

Դրանից հետո, Գ.Մ.-ն, կեղծիքի միջոցով, ապահովագրական ընկերություն է ներկայացրել մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը «+20°C»-ի փոխարեն «+28°C» գրառմամբ կեղծ փաստաթուղթ և, քաջատեղյակ լինելով, որ մատակարարվող, կեղծ փաստաթղթերով ներկայացված ապրանքը 2% մայրակաթով մեղր չէ, 1.370.000.000 ՀՀ դրամի չափով հատուցման պահանջ է ներկայացրել։

Սակայն վերաապահովագրող ընկերությունը պատվիրված փորձաքննություններով հաստատել է, որ արտահանված բեռի ամրակապումը կատարվել է բեռնափոխադրման կանոնակարգերի խախտմամբ, իսկ արտահանված բեռն իր բաղադրությամբ ոչ միայն 2%-անոց մայրակաթով մեղր չէ, այլ, ընդհանրապես, բնական մեղր չէ, ինչի արդյունքում հատուցման պահանջը մերժվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), Ռ.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Որպես խափանման միջոցների համակցություն՝ նրանց նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» և «պաշտոնավարման կասեցում»: Վերջիններիս մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Հանգուցյալ մեղադրյալ Գ.Մ.-ի օրինական ներկայացուցիչը՝ կինը, ամուսնու նկատմամբ, մահվան հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու մասին դիմում է ներկայացրել, խնդրելով, որ վարույթը շարունակվի ընդհանուր կարգով, քանի որ համոզված է, որ ամուսինը հանցանք չի կատարել:

Վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարի և սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ի նկատմամբ:

Գ.Մ-ի հետ խմբի կազմում հանցանք կատարած, սակայն դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на 123ru.net