Ալիևի հետ հանդիպումը կարող է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունենալ, ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների․ Փաշինյան (տեսանյութ)
Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում։ Մյուս կողմից, տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել։
Նրա խոսքով՝ ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում Բաքվի հետ Երևանն աշխատում է երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ կերպ կարողանում են առաջ գնալ, ճիշտը հենց այդ ձևաչափն է։
«Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ նաև ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Մյուս կողմից, երկկողմ ձևաչափով աշխատելու այս արձանագրումն անելով, չեմ կարող ասել, որ բացառում եմ այլ ձևաչափով աշխատանքը՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք, առանձին ժամանակաշրջանում և առանձին հարցի շրջանակներում պետք է քննարկել», - ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ շատ քննարկումներ եղան և փորձ արվեց ներկայացնել, թե հայկական կողմը հրաժարվել է հանդիպումից։
«ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից։ ես ինքս դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, որ տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում, որովհետև նախկինում փոխադարձաբար եղել է ըմբռնում, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևափաչում։ Կարծում եմ՝ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, քանի որ այս պահի դրությամբ արդյունավետ է։ Ընդ որում՝ երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որևէ ձևաչափ, կարծում եմ, որ դա կարող է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունենալ։ Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների», - հավելեց նա։
Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափերին, ապա Փաշինյանը դրանք ևս չբացառեց՝ միաժամանակ շեշտելով, որ դրանք պետք է նպատակահարմար լինեն։