World News in Armenian

Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար

Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով` հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ–ն արդեն շրջաբերական է ուղարկել։
«3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք` առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10–րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,–ասաց Սվաջյանը։

Նրա խոսքով` նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10–րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։

«Արդեն իսկ մեկնարկել են վերապատրաստումները։ Ուսուցիչներին կտրամադրվեն ուսումնական նյութեր, և ողջ ուսումնական տարում լինելու է մենթորական աջակցություն»,–ասաց Սվաջյանը։
Նա ընդգծեց, որ ուսուցիչների նման փորձը կարևոր է, քանի որ ավագ դպրոցներում նոր չափորոշիչով ուսուցումը լինելու է ոչ միայն դասագրքերով, այլև ուսումնական նյութերի թղթապանակներով։

Читайте на 123ru.net