ՀՀ-ին սպառնացող արհավիրքների պարագայում իմ անձով օրակարգ չպետք է ստեղծեմ. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր դեմ ներկայացված քրեական գործի շրջանակներում ներկայացավ դատարան։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Թովմասյանն անդրադարձավ դատավորի այն հայտարարությանը, որ նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել. «Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին, բայց ոնց տեսնում եք...»։
Ի պատասխան հարցին, թե դատավորի ճառերն ում էին ուղղված, Թովմասյանը նշեց. «Այս պահին ունեմ իհարկե ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել, մի քիչ սպասեք՝ պարզ կդառնա։ Ավարտական ճառում համապարփակ հարցերին կանդրադառնամ»։
Հարցին, թե ինչու է դեմ լուսաբանմանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար մաքուր իրավական դատարանում և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որ ՀՀ-ին սպառնում են, չպետք է ես փորձեմ իմ անձով օրակարգ ստեղծել և լցնել դրանով, շատ կարևոր գործեր կան, քան իմ դատական գործն է»:
Թովմասյանը նշեց, որ հիմնավոր չեն այն պնդումները, թե 131 նիստերից 70-ը նրա պատճառով չի կայացել. «Իմ պատճառով չէ, հարցրեք, թե դրանցից քանիսի բացակայություններն են ճանաչվել անհարգելի»։