World News in Armenian

Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է իրականացնում․ «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին ապօրինի շինարարություն է անում։ Սուքիասյանները վերակառուցում են Խորենացի 31/2 հասցեում գտնվող «Պիցցա Դի Ռոմա» սրճարանը։

Այս մասին գրում է  Հետքը։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները՝ Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։

Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։

Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։

Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։

«Առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է քարեշարվածքով տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ, որի կապակցությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացի Աշոտ Շահբազյանի նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն»,- հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ շինության սեփականատիրոջ՝ Սուքիասյանների փոխարեն արձանագրությունը կազմվել է ոմն Աշոտ Շահբազյանի անունով, քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին, որ հնարավոր է առանց սեփականատիրոջ գիտության մասնավոր տարածքում ինքնակամ շինարարություն արվի։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ մեր հարցին, թե ինչու է ապօրինի շինարարություն իրականացվում, պատասխանեց. «Ի՞նչ շինարարություն, վերանորոգում է իրականացվում»։ Դիտարկմանը, թե մեր աչքով ենք տեսել՝ ինչպես են երկրորդ հարկ կառուցում, քաղաքապետարանն էլ վարչարարություն է իրականացրել, Մկրտչյանն ասաց՝ «առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։

Խնդրեցինք Աննա Մկրտչյանին ճշտել՝ շինարարություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ և զանգահարել մեզ։ Մկրտչյանը ճշտելուց հետո հայտնեց, որ տանիքն է վերանորոգվում. ջուր էր կաթում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Читайте на 123ru.net