World News in Armenian

Եթե դու չունես նոր դասագիրքը, ինչո՞ւ ես դեն նետում հները, գոնե դրանցով երեխաները կշարունակեն սովորել, մինչև նորը կգա. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ուսումնական տարին մեկնարկել է, ու, ինչպես անցած տարի, այս տարի ևս կան դասարաններ, որոնք որոշ առարկաների դասագրքեր չունեն։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարարը։ Հանգամանքը, որ աշակերտները դասապրոցեսն անցկացնելու են առանց դասագրքերի, ինչպե՞ս է ազդելու կրթության որակի վրա։

– Եթե կարճ, ապա պետք է ասեմ, որ ամեն ինչ կրկնվում է ու ավելի վատ, սա պարուրաձև հետընթաց է, ամեն ինչ նվազում է, փոքրանում, կրթության որակն անկում է ապրում։ Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ կան ժամկետներ, որոնք պետք է պահպանվեն, դասագրքերի հեղինակները պետք է գրեն ինչ-որ բաներ, ներկայացնեն, հաստատվի, գնա տպարան, որպեսզի սեպտեմբերին հասնի դպրոց: Պարզվեց, որ անցած տարի գործընթացն ուշ էին սկսել, ու այդ պատճառով շատ դասագրքեր սեպտեմբերին չկային, հոկտեմբեր-նոյեմբերին հասան, որոշ դասագրքեր էլ՝ երկրորդ կիսամյակին։ 

Այս տարի որոշվեց այդ գործընթացն ավելի շուտ սկսել, ու, իսկապես, դասագրքերի կազմման հետ կապված հայտարարությունը ավելի շուտ եղավ, բայց դա, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցավ պրոցեսի վրա: Նախ՝ շատ մասնագետներ չդիմեցին դասագրքերը գրելու համար, և հիմնական պատճառն այն էր, որ նրանք համաձայն չեն հաստատված ու ներկայացված չափորոշիչներին: Շատերն ասում են, թե այդ չափորոշիչներով դասագիրք գրել նշանակում է հրաժարվել ազգային հիմքերից, որը վերաբերում է հատկապես «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներին։ 

Երկրորդ՝ շատ մասնագետներ գրեցին այդ դասագրքերը, ներկայացրեցին, բայց նախարարությունը չհաստատեց, անհասկանալի է՝ թե ինչու չհաստատեց, ամեն մեկի համար ինչ-որ մի պատճառ կա։ Երրորդ՝ հաստատված դասագրքերը գնացին տպարաններ, տպարանները շատ ինտենսիվ աշխատում էին ամառվա ընթացքում, ինքս եմ այցելել ու համոզվել, բայց այնպես չէ, որ հասցրել են ավարտել, այսինքն՝ նույնիսկ հաստատված դասագրքերից շատերը ուշացումով են հասնելու դպրոց։ 

Այսօր էլ, այո՛, հայտարարում են, որ 13 անուն դասագիրք դպրոցում չի լինի։ Բոլորս գիտենք, որ առանց դասագրքի ոչ միայն դպրոցականների համար է դժվար սովորել, այլև առաջին հերթին դա հարված է ուսուցչին, որովհետև ուսուցիչը պետք է իր սահմաններից դուրս գա, կոպիտ ասած, որովհետև պետք է ապահովի ոչ միայն այդ գիտելիքի փոխանցումը, այլ նաև այն նյութերը, որոնցով աշակերտները պետք է սովորեն: Ըստ էության, մենք ունենալու ենք հերթական տարին, որը նշանավորվելու է կրթության էական անկումով, որովհետև առանց դասագրքի լավ սովորելն ուղղակի անհնար է։ 

– Իսկ այդ գործընթացը հնարավոր չէ՞ այնպես կազմակերպել, որ անգամ ձեր նշած բոլոր խնդիրներով հանդերձ դասագրքերը ժամանակին հասնեն դպրոց, կամ որ նախարարությունը չհայտարարի, որ «հին դասագրքերն էլ չեն կարող կիրառվել, քանի որ չեն համապատասխանում նոր չափորոշիչներին»։

– Գիտեք ինչ, այսպիսի բան կա. եթե մեկը որոշում է իրեն նոր հագուստ գնել՝ առաջին քայլն ի՞նչն է, գնալ խանութ, գնել այն, հետո նոր հրաժարվել նախկինից։ Հայաստանում դասագրքերի պարագայում լրիվ հակառակն են անում․ բացում են ունեցած գրապահարանը, դեն են նետում բոլոր հին դասագրքերը, հետո պատվիրում ենք ու չգիտենք՝ տեղ կհասնի՞, թե՞ չէ, և արդյոք առկա՞ է խանութում, թե՞ չէ։ Եթե դու նոր դասագիրք չունես, ինչո՞ւ ես դեն նետում հները, գոնե դրանցով երեխաները կշարունակեն սովորել, մինչև նորը կգա, ընդ որում՝ դասագրքաստեղծման գործընթացը չի կարելի սահմանափակել այդքան կարճ ժամանակահատվածում։ 

Նորմալ երկրներում դրա համար մի քանի՝ 3-5 տարի է հատկացվում, մրցույթ հայտարարել, փորձարկման փուլ, մեզ մոտ նման բան չկա, չափորոշիչները դնում են, դասագրքերը գրում, մեկ-երկու ամսում դասագիրքը մտնում է դպրոց։ Սխալներով, ոչ էական փորձաքննություն անցած, այսինքն՝ սա ավելի վատ է ազդելու, քան այն, որ հիմա հին դասագրքերով շարունակեն սովորել, մինչև նոր դասագրքերը կլինեն։ Սա կարելի էր գոնե միջանկյալ տարբերակ ընտրել, բայց մեր իշխանությունները դա չեն անում։ 

– Ինչո՞ւ այդպես չեն անում, պարո՛ն Մխիթարյան։

– Դե, պաշտոնական պատասխանը դուք արդեն ասացիք, բայց այդ նորը որ չկա, եկեք օգտագործենք նախկինը, ուղեցույցներ մշակենք ուսուցիչների համար՝ ինչպես օգտագործել հին դասագրքերը, այսինքն՝ թող երեխաները սովորեն գոնե ներկայիս դասագրքերով, մինչև նորերը կլինեն։ Բայց թողնել այսպես՝ առանց դասագրքի, պատճենած թղթերով, մի դեպքում էլ՝ ընդհանրապես բան չկա, ինչը նշանակում է ընդհանրապես այդ առարկաները չանել։

– Այսինքն՝ այս ամենն անարդյունավետ կառավարման հետևա՞նք է։

– Այո՛, ճիշտ եք ասում, ու արդեն որերորդ տարին է՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում այս քաոսային իրավիճակի համար: Եթե տեսաք՝ անցած տարի չստացվեց, ապա ո՞վ էր մեղավորը, որ չստացվեց, այս տարի էլ ավելի վատը ստացվեց, մեղավորներ չկա՞ն դրա համար, ամբողջ հասարակությունը, ուսուցիչները պետք է տուժեն, բայց այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, հետո դրանք կիսատ-պռատ իրականացնում են, դասագրքերը դպրոցներ չեն հասնում, ու ոչ մեկը մեղավոր չէ՞։

– Պատասխանատվության ենթարկվողներն ովքե՞ր պետք է լինեն։

– Առաջին պատասխանատուն լիազոր մարմնի ղեկավարն է, բայց, պարզվում է, որ նա, ընդհակառակը՝ պատասխանատվությունը կարող է բարդել, օրինակ՝ դասագրքեր գրող գիտնականների վրա, տպարանների վրա, ամեն մեկի վրա՝ բացի իրենցից։ 

Կրթության նախարարությունը ու համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն այս իրավիճակի համար։ Սա ավելի վատ հարված է մեր կրթական համակարգին, քան այն, որ մեր երեխաները, օրինակ՝ հին դպրոց հաճախեն։ Բովանդակությունը 90%-ն է, իսկ ձևն ընդամենը 10%-ը, որ ազդում է կրթության վրա, այսինքն՝ մենք կարող ենք ունենալ շատ լավ սարքած դպրոց, կահավորված, բայց դասագիրք չունենանք, ու դա 90%-ով վատ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե դու չունես նոր դասագիրքը, ինչո՞ւ ես դեն նետում հները, գոնե դրանցով երեխաները կշարունակեն սովորել, մինչև նորը կգա. Ատոմ Մխիթարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net