World News in Armenian

«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում (տեսանյութ)

Երեկ մի տաքսիստ ասում էր․ «Ես 50 տարեկան մեծ մարդ եմ, այդ հարկային գործիքակազմին չեմ կարող տիրապետել, որովհետև հեռախոսից չեմ կարողանում օգտվել»:

Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Նազարյանը հարցրեց․ «Ենթադրենք այդպիսի մարդիկ գալիս, ասում են՝ մենք համակարգից չենք օգտվում, հեռախոսից չենք օգտվում, բա մեզ պարտավոր չե՞ք Դուք ծանուցել։ Այս դեպքում ի՞նչ ենք պատասխանելու»:

Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց. «Աշխարհը գնում է էլեկտրոնային ծանուցումների, և քաղաքացիներն էլ նույնպես պետք է շահագրգռված լինեն: Հիմա այդպիսի մարդիկ չկան, որոնց տանը գոնե մեկ հատ սմարթֆոն չլինի, և որևէ մեկը չօգնի, չնայի: Տեսականորեն կհարցնի ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը կնայի ու կասի: Օրինակ, իմ հարևանը կասի՝ չի կարող, ես կնայեմ ու իրեն կասեմ»:

Դավոյանը հավելեց, որ բոլոր ծառայությունները մեծամասամբ էլեկտրոնային են դառնում, և ավելի հարմարավետ է մարդկանց էլեկտրոնային ծառայություններից օգտվելը:

«Ես հասկանում եմ, որ մի տեղ մի մարդ կա, ասում է՝ ինձ հետաքրքիր չէ, թուղթը բերեք, տվեք, մի հատ էլ կարդացեք բարձրաձայն, ձեռքիցս էլ բռնած տարեք ընտրության: Այդպես չի լինի: Հետո, 50 տարեկանների մասին շատ վատ կարծիք ունեք, բոլորը երիտասարդ են և զարգացած: Ես կարծում եմ՝ դրանք լուծելի հարցեր են ու կրիտիկական չեն», - ասաց Դավոյանը:

 

Читайте на 123ru.net