World News in Armenian

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախագծային փաստաթղթերը նախարարություն դեռևս չեն ներկայացվել․ ԿԳՄՍՆ 

33 մետրանոց Հիսուս Քրիստոսի արձանը շուտով վեր կխոյանա Հատիս լեռան գագաթին: Արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա: Գաղափարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին ի սկզբանե դեմ է արտահայտվել այս գաղափարին, որովհետև «Մեր եկեղեցին 1700 տարվա քրիստոնյա եկեղեցի է և արձաններ դնելու ավանդույթ, սովորույթ չունի»:

Արձանի տեղադրման վայրի հետ կապված խնդիրներ էր նկատել ԿԳՄՍ նախարարությունը, որը 2022-ի հուլիսի 9-ին՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հիմնարկեքի հաջորդ օրը, պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն։ Այսօր արդեն նախարարությունը տեղեկացնում է, որ հողահարթեցման աշխատանքները դադարեցվել են, որից հետո նոր հայտնաբերված ամրոցի տարածքում բացի պեղումների աշխատանքներից որևէ աշխատանք չի իրականացվել։ 

«2023 թ. մարտի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և բարերարի՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: Համագործակցության շրջանակում 2023 թ. իրականացվել են հնագիտական պեղումներ, ինչը հստակեցրել է հուշարձանի սահմանները: Սահմանների հստակեցումից հետո 2024 թ․ մայիսին կայացած ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- «Մեդիալաբի» գրավոր հարցմանն ի պատասխան ասել են նախարարությունից։

Հավելենք, որ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգնման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։ Բայց հնագետները պնդել էին, որ բրոնզեդարյա ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։

Միևնույն ժամանակ նախարարությունից տեղեկացնում են, որ նախապայման են  ներկայացրել նորահայտ ամրոցի տարածքում որևէ շինարարական (այդ թվում՝ արձանի տեղադրման) աշխատանք չիրականացնել, որովհետև այն օրենքով արգելվում է, ուստի անհրաժեշտ է տեղադրման վայրն ընտրել ամրոցի տարածքից դուրս, ինչն ընդունվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից, սակայն արձանի տեղադրման նախագծային փաստաթղթերը նախարարություն դեռևս չեն ներկայացվել։ 

Հիշեցնենք, որ Հատիս լեռը ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման համաձայն ընդգրկվել էր բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք այս որոշումը փոփոխության ենթարկվե՞լ է, ինչին ի պատասխան մեզ փոխանցել են, որ հատուկ պահպանվող բնության հուշարձանների տարածքներին առնչվող հարցերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախագծային փաստաթղթերը նախարարություն դեռևս չեն ներկայացվել․ ԿԳՄՍՆ  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net