World News in Armenian

Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա. Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է վարչապետի՝ Ռուբեն Վարդանյանի մասին հայտարարություններին

Ցավում եմ, որ Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա և այնպիսի հարցեր է տալիս, որոնք հարիր չեն պետության ղեկավարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցերին, թե ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է։

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Հայաստանում հայտնի է բոլորին վերջին 30 տարվա ընթացքում: Ռուբեն Վարդանյանն ինչ-որ մի տեղից Հայաստան գալու անհրաժեշտություն չուներ։ Ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում բազմաթիվ ծրագրերի անցկացումը փաստում էր պարոն Վարդանյանի նվիրումը հայրենիքին», - ասաց նա:

Առաքելյանը նշեց՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար Արցախին նվիրվելը մի զարմանք էր, և պետք էր դրա մեջ դավադրություն փնտրել․ հակառակ պարագայում հարց կառաջանար՝ իրենք ինչո՞ւ նվիրված չեն Արցախին:

Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի թիմերը:

«Իր վարքագիծն իր խղճին եմ թողնում: Սկզբունք ունեմ՝ այն անձինք, ովքեր արցախյան այս արհավիրքի միջով անցել են, հայրենիքի կորուստ ունեն ու այս պահին եկել են Հայաստան, ընդհանրապես չանդրադառնալ այդ մարդկանց:

Պարոն Բեգլարյանը Ռուբեն Վարդանյանի խորհրդականն էր, երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր: Ասելու շատ բան կա, բայց ես զերծ կմնամ: Հուսով եմ Բեգլարյանը շատ լավ է հասկանում, թե Արցախում ինչ է կատարվել, ով ինչ է արել Արցախի համար։ Ցավում եմ, որ նման արտահայտություններ է թույլ տալիս իրեն»,- ասաց նա:

Առաքելյանը հարց բարձրացրեց՝ ո՞վ էր Ռուբեն Վարդանյանի քաղաքական թիմը:

«Նա գնացել ու ծառայում էր Արցախին մինչ այդ ու պետնախարարի պաշտոնում հետո։ Ինչպե՞ս կարելի է նման անհեթեթ արտահայտություն անել: Հուսով եմ՝ ինչ-որ միտում կամ հանձնարարական չկա, որ պարոն Բեգլարյանը սկսել է նման բաներ խոսել», - շեշտեց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե կա ռուսական ծրագիր՝ ամեն գնով Ռուբեն Վարդանյանին ազատել Բաքվի բանտից և բերել Հայաստան, Առաքելյանն արձագանքեց՝ այդ մարդիկ որպես ադրբեջանական լոբբինգի ներկայացուցիչներ են ՀՀ-ում:

«Նրանք սպասարկում են ադրբեջանական շահերը Հայաստանում և նրանց նպատակն է կատարել Ադրբեջանի հանձնարարությունները, էլ չեմ խոսում, որ ուղղակի իրականության հետ կապ չունեն: Նրանք քաղաքական նկրտումներ ունեն և, հաշվի առնելով, որ Ադրբեջանին են ծառայում, կարող են իրենք էլ գնալ, հայտնվել Ադրբեջանում, հետո այնտեղից վերադառնալ, եթե կարծում են, որ դա ինչ-որ քաղաքական ճանապարհ է», - ընդգծեց Առաքելյանը:

Читайте на 123ru.net