Եթե լուրջ հետաքրքրվածություն լիներ, պայմանները կբարելավեին․ Տիկնիզյանը՝ «Սևիլյայի» առաջարկի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ եվրոպական ակումբների հետաքրքրվածության մասին:
— Չկա՞ արդյոք դատարկության զգացողություն, որ չկարողացաք տեղափոխվել եվրոպական ակումբ: Երկրպագուները մտավախություն ունեն, որ քեզ մոտ կարող է խաղային անկում լինել, ինչպես եղավ Չալովի հետ, երբ վերջինս չկարողացավ տեղափոխվել ԱՊԼ:
— Լավ հարց էր: Բազմիցս ասել եմ, որ իսկապես ցանկանում եմ տեղափոխվել Եվրոպա: Այո, իրոք կային մի քանի առաջարկներ, սակայն այստեղ կա շատ կարևոր հանգամանք․ պետք չէ թոփ-5 առաջնություններից մեկը տեղափոխվել զբոսաշրջիկի կարգավիճակով: Պետք է կարողանաս այնտեղ մրցակցություն ստեղծել: Կային առաջարկություններ, սակայն դրանք ձեռնտու չէին «Լոկոմոտիվին»:
Եթե նրանք իրոք լրջորեն հետաքրքրված լինեին իմ ծառայություններով, հնարավոր է, բարելավեին տեղափոխության պայմանները և կարողանային համաձայնության գալ մոսկովյան ակումբի հետ: Ժամանակ չունեմ անհանգստանալու, քանի որ առջևում Հայաստանի ընտրանու և «Լոկոմոտիվի» խաղերն են: Կշարունակեմ աշխատել և հավատալ լավագույնին:
Ինչպես տեղեկացնում էր Metaratings.ru-ն, «Սևիլյան» ցանկանում էր անվճար վարձակալել Տիկնիզյանին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իսպանական ակումբը պատրաստ էր ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները «Լոկոմոտիվից» միայն մրցաշրջանի ավարտից հետո: Տրանսֆերի արժեքը պետք է կազմեր 5 մլն եվրո, իսպանացիներն այդ գումարը պատրաստ էին վճարել մինչև 2027 թվականի հունիսը: Այդպիսի տարբերակը ձեռնտու չէր մոսկովյան ակումբին: