«Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները
Մազահեռացման ոլորտի մասնագետները սոցիալական ցանցերում քննադատության են ենթարկել «Անթերիս» ընկերության մարտավարությունը՝ ոլորտի գնիջեցման քաղաքականության հետ կապված:
Հիշեցնենք, որ Ավանտայի էսթետիկ բժշկության կենտրոնը վերաբրենդավորվել էր և այժմ ներկայանում է Antheris (Անթերիս) անվամբ և բրենդով։
Մասնավորապես ոլորտի մասնագետներից Լիանա Մաթևոսյանը սոցիալական ցանցի իր էջերում խոսել է «Անթերիս»-ի վարած դեմփինգային քաղաքականության մասին և նշել, որ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանն ամբողջ շուկան իրենով անելու նպատակ ունի: Նշենք, որ Լիլիթ Թումանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի դուստրն է:
«Չգիտեմ՝ ինչու է այդ կինն այդքան չարացած ու ուզում է մենաշնորհ սահմանել շուկայում, երևի թե չունի բավական քանակի հաճախորդներ, անդադար գովազդի քանակների դեպքում էլ չի սպառում իր պոտենցիալը ու որոշել է ամբողջ շուկան իրենով անի: Դա աննորմալ երևույթ է, եթե դու գնում ես ծայրահեղ դեմփինգների, ունես կոնկրետ նպատակ՝ վերացնել փոքր շուկան»,- ասում է մասնագետը:
Իսկ թե ինչու է գնում դեմփինգի, Լիանան կարծում է՝ կամ իշխանությունների հետ է համագործակցում, կամ ինչ-որ անձնական խնդիրներ ունի: Վերջում նա հավելում է, որ որպես ոլորտի մասնագետ, ամեն օր հանդիպում է «Անթերիս»-ից դժգոհ հաճախորդների: Բացի այդ նա անբարոյականություն համարեց այն, որ Լիլիթ Թումանյանը այլ կազմակերպությունների աշխատանքի անվան հետ է խաղում:
Ոլորտի մասնագետներից Նունեն էլ կրկին իր սոցիալակյան ցանցի էջով վստահեցնում է, որ «Անթերիս»-ից շատ հաճախորդներ են գնացել իր մոտ և դժգոհ են եղել նրանց աշխատանքից: «Ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ չեք կարող հասնել բարձրունքների: Ձեր քայլը ցածր է, դուք մի անգամ էլ եք էսպիսի բան արել, շուկայում գին եք թելադրել, բայց մարդկանց մեծամասնությունն ընտրում է որակը, այնպես որ դա Ձեզ չի փրկելու»,- ասում է Նունեն:
Խնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում: