World News in Armenian

Արդեն 2-րդ տարին է՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը (տեսանյութ, լուսանկարներ)

2009թ. Ավստրիայում հիմնադրված Social Impact Award-ն արդեն 6-րդ տարին է՝ անցկացվում Հայաստանում՝ խթանելով սոցիալական ձեռներեցությունը և նորարարական գաղափարները։ 

Մրցանակաբաշխությունն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։

«Մենք երիտասարդներին նախ ծանոթացնում ենք սոցիալական ձեռներեցության գաղափարին, իրենք սկսում են ոգևորվել, հետաքրքրվել, ապա սկսում են իրենց գաղափարը մտածել: Այդ ամենից հետո 4-ամսյա ինկուբացիոն ծրագրի շրջանակում մենք իրենց օգնում ենք այդ գաղափարը մոդելավորել և նաև հասկանալ՝ որքանով մեր շուկայի համար այն աշխատող կլինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:



Հոկտեմբերի 4-ին Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն սթարթափ գաղափարները ներկայացվեցին Social Impact Award Armenia-ի ժյուրիի անդամներին: Ներկայացված գաղափարներն ուղղված էին Հայաստանում սոցիալական խնդիրների լուծմանը՝ կրթության, շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում։ Մասնակիցները ոչ միայն ներկայացրին իրենց նախագծերը, այլև պատմեցին, թե ինչպես կարող են դրանք նպաստել հասարակության տարբեր շերտերի խնդիրների լուծմանը:



Արդեն երկրորդ տարին Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ԱրարատԲանկը միացել է «SIA մրցանակաբաշխությանը»՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը:



«Այդ մրցանակային ֆոնդը թույլ է տալիս մասնակիցներին լուծել իրենց ծրագրի որևէ կոմպոնենտ, դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս զարգանալու և աճ ապահովելու: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 6,000 եվրո, այսինքն՝ յուրաքանչյուր հաղթող ստանալու է 1,500 եվրո»,-ասաց ԱրարատԲանկի գործադիր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը: 

Նրա խոսքով՝ աջակցելով սոցիալական ծրագրերին՝ ԱրարատԲանկը նպատակ ունի իր օրինակով վարակելու այլ բիզնեսներին ու ցույց տալու, որ Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը շարունակական աճի ու զարգացման մեծ ներուժ ունի.



«Սոցիալական ծրագրերը մրցակցությունից դուրս են: Մենք շատ ուրախ ենք, որ ծրագրին այս տարի միացել է նաև մեր շատ լավ գործընկեր ID բանկն ու իր ներդրմամբ աջակցում է այս ծրագրին: Որքան շատ լինեն դոնորներն ու որքան մեծ լինի նրանց կողմից պատրաստակամությունն օժանդակելու, այդքան ավելի շատ հնարավորություն կլինի ՀՀ-ի համար զարգանալու, աճելու ու հնարավորություններ ստեղծելու մեր երիտասարդների համար»:


Մասնակիցների ելույթներից հետո ժյուրիի անդամները, քննարկելով ներկայացված գաղափարները, ընտրեցին 4 հաղթողին:

Առաջին հաղթողն Աստղագիտություն բոլորի համար նախաձեռնությունն է, որի նպատակն է ստեղծել լաբորատորիա, որը թույլ կտա աստղագիտությամբ հետաքրքրվող երեխաներին ուսումնասիրել գիտությունը:

Հաջորդ հաղթող նախաձեռնության նպատակն է կայանատեղիներում կայանած մեքենաների անիվների ճնշման շնորհիվ արտադրել էներգիա:

Երրորդ մրցանակակիր նախաձեռնությունը նպատակ ունի գործածությունից դուրս եկած ավտոմեքենաների մասերին հաղորդել երկրորդ կյանք:

Իսկ համայնքային քվեարկությամբ մրցանակի արժանացավ Գորիսում հիդրոֆոնիկ նախագծի ներդրման գաղափարը, որը թույլ կտա արտադրել էժան անասնակեր:

«Կային ծրագրեր, որոնք դեռ մշակման փուլում էին, կային արդեն իսկ մշակված ծրագրեր, բայց կարևորն այն է, որ նախաձեռնող խմբերը տարբեր մտքեր են գեներացնում, տարբեր ձգտումներ, ցանկություններ ունեն հետագա կյանքի համար, նաև կարևոր որակներ են ձեռքբերում այս ամենի ընթացքում»,- ասաց ԱրարատԲանկի Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը:

Social Impact Award Armenia-ի Հաղթողները ոչ միայն ստացան ֆինանսական մրցանակ իրենց գաղափարը կյանքի կոչելու և զարգացնելու համար, այլև հնարավորություն ունեցան մասնակցելու այս տարի Գերմանիայում անցկացվող SIA ամենամյա գագաթնաժողովին, որը բոլոր երկրների խոստումնալից սոցիալական ձեռներեցների միջազգային հավաքն է: 

Читайте на 123ru.net