Թրամփը մտադիր է վերընտրվելու դեպքում «պաշտպանել հրեաներին»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կհեռացնի բոլոր նրանց, ովքեր ատում են հրեաներին: Ինչպես նշում է CNN-ը, նա այս մասին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման առաջին տարելիցին նվիրված միջոցառմանը:
«Ես պաշտպանելու եմ ԱՄՆ-ում հրեա բնակչությանը: Ես կպաշտպանեմ ձեր համայնքները, ձեր դպրոցները, ձեր պաշտամունքի վայրերը և ձեր արժեքները: Մենք կհեռացնենք ջիհադիստների համախոհներին և հրեաներին ատողներին։ Մենք պատրաստվում ենք հեռացնել հրեաներին ատողներին, որոնք ոչինչ չեն անում մեր երկրին օգնելու համար, նրանք միայն ցանկանում են ոչնչացնել մեր երկիրը», - ասել է նա Ֆլորիդայի Դորալ քաղաքում գտնվող իր գոլֆի դաշտում կայացած միջոցառման ժամանակ:
Նախկին նախագահը չի նշել, թե կոնկրետ ում է համարում «հրեա ատող»։ Թրամփն ընդգծել է, որ հոկտեմբերի 7-ը «հրեա ժողովրդի համար ամենամահաբեր օրն էր Հոլոքոստից հետո»:
Թրամփը պնդել է, որ «հակահրեական ատելությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում է»։