Հայաստան-Հունգարիա․ 11 տարիներին հաջորդող «այսօրը». լրագրող Գայանե Բոստանջյանի ակնարկը՝ հայ-հունգարական հարաբերությունների մասին
Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու շաբաթաթերթի լրագրող Գայանե Բոստանջյանն ակնարկ է գրել հայ-հունգարական հարաբերությունների մասին. ակնարկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մեր այցը Հունգարիա Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ առաջին չվերթի նախօրեին էր։ Ընդամենը երկու օր անց, Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթը նոր խթան էր հաղորդելու հայ-հունգարական հարաբերություններին․․․
ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԳԱՐԻԱ․ 11 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ «ԱՅՍՕՐԸ»
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական առաջին հարաբերությունները հաստատվեցին 1992թ․։ 2004թ․ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում վերապատրաստվող ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց նույն ծրագրի մասնակից, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Երկու տարի ընթացող դատավարության արդյունքում, հունգարական արդարադատությունը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի։ Եվ սակայն, որոշ ժամանակ անց, 2012թ․ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին՝ տեղում հայտարարվելով ազգային հերոս։ Այս իրադարձությանը հաջորդեց ՀՀ ԱԱԽ որոշումը՝ կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Հունգարիայի միջև:
Դադարը տևական էր՝ 11 տարի։ Տեղաշարժ գրանցվեց միայն 2021թ․, երբ Հունգարիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն անձամբ մեկնեցին Բաքու և 5 հայ ռազմագերիների հայրենիք վերադարձրին։ Բանակցությունների արդյունքում, 2022թ․ դեկտեմբերի 1-ին, Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի միջև ձեռքբերվեց լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանավորվածություն։ Ամիսներ անց, 2023թ․ մայիսին, Հունգարիայում, Վրաստանի հետ համատեղության կարգով, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Աշոտ Սմբատյանը, իսկ ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Աննա Մարիա Շիկոն, նստավայրը՝ Թբիլիսի։
Ընդամենը մեկ տարվա ընթացքում Հունգարիա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, իսկ Հայաստան՝ Հունգարիայի փոխվարչապետ Սեմյոն Ժոլտի, Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությունների պաշտոնական այցերի շրջանակներում ստորագրվեցին «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին», «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը։ Տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց նաև ՀՀ և Հունգարիայի կառավարությունների, ինչպես նաև 2024-2025թթ․ համագործակցության ծրագիր՝ ՀՀ արտաքին գործերի և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությունների միջև։
Առաջիկայում և, հավանաբար մինչև տարեվերջ, նախատոսվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունգարիա։
«․․․ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՆԵՐԿԱՅԻՍ ԹԱՓԸ, ԱՊԱ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ»
Դիվանագիտական հարաբերությունների վերահաստատմամբ պայմանավորված «այսօրը» շատերը դիտարկում են առավելապես կարևոր անցյալի դրականը վերադարձնելու ու նորի փոխշահավետը կառուցելու տեսանկյունից և մանավանդ, որ Հունգարիան մինչև տարեվերջ նախագահելու է ԵՄ խորհուրդը։
Երկու երկրների միջև համագործակցության պատմությունը հիմնականում բովանդակում է խորհրդային տարիները։ 1992-2012թթ․ ընկած հատվածն այդքան էլ հարուստ չէ։ Ըստ հունգարահայերի, պատճառներից մեկը նաև լոկալ դեսպանատան բացակայությունն է։ Հունգարիայում ՀՀ դեսպանը մշտապես գործել է համատեղության կարգով՝ առանց մշտական ներկայության։ Տեղացիները վստահ են, որ Բուդապեշտում դեսպանատան բացումը, առավել արդյունավետ կդարձնի ոչ միայն միջպետական հարաբերությունների կառուցումը, այլև ներհամայնքային կյանքի աշխուժացմանը միտված քայլերը։
Անցած տարվա մարդահամարի համաձայն, հայերի թիվը Հունգարիայում 3998-է։ Ըստ պատմական աղբյուրների, առաջին հայերն այստեղ հաստատվել են միջնադարում, հատկապես հայաշատ է եղել Տրանսիլվանիան, որը 1920թ․ միավորվել է Ռումինիային և հայերի զգալի մասը ստիպված տեղափոխվել է ներկայիս Հունգարիայի տարածք։ Հայերի ներհոսքը հետագայում պայմանավորել են Հայոց Ցեղասպանությունը, ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող տարիները և արդեն վերջերս՝ Արցախի հայ բնակչության տեղահանությունը։
Հայերի հիմնական մասը կենտրոնացված է Բուդապեշտում։ Հունգարահայ համայնքը բաժանված է 31 հայկական ինքնավարությունների, որոնց ձևավորումը պայմանավորվել է նույն տարածքում 30-ից ավելի հայի բնակությամբ։ Միայն Բուդապեշտում նման 20 ինքնավարություն է գործում։ Յուրաքանչյուր ինքնավարություն ընտրում է իր ներկայացուցչին, որն ընտրատարածքի խնդիրները լսելի է դարձնում խորհրդարանական հատուկ կոմիտեում։
Խորհրդարանական համապատասխան քննարկումներին հայկական բոլոր ինքնավարությունները ներկայացնում է ընտրյալ խոսնակը, ով ընտրվում է չորս տարի ժամկետով։ Վերջին՝ 2022թ․ ընտրություններին, Հունգարիայի խորհրդարանի հայ խոսնակ է ընտրվել Նիկողոս Հակոբյանը։
Նիկողոսը ծնունդով Հայաստանից է, Լոռու մարզից, մասնագիտությամբ՝ արվեստագետ, տնտեսագետ է։ Հունգարիայում բնակություն է հաստատել 1989թ․։ 1994-2020թթ․ Վեսպրեմ քաղաքի ինքնավարության նախագահն է եղել, 1995-2019թթ․՝ հանրապետական իքնավարության անդամը, կոմիտեի նախագահը, իսկ 2022թ․՝ Հունգարիայի խորհրդարանի խոսնակը, ով այսօր համակարգում է նաև հայ համայնքի գործունեությունն ու իր հիմնադրած Հայկական մշակութային հիմնադրամը։ Ասում է, առաջինը, ինչին բախվել է հունգարահայ գաղթօջախում՝ համայնքային կազմակերպված կյանքի բացակայությունն է եղել։ Հայկական բնավորության համաձայն, միավորվել են Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ Հունգարիայի վերականգնողական ճամբարներ է տեղափոխվել 300 երեխա։
Անցումային տարիներին հունգարահայ համայնքը ազգային նկարագրի զգալի կորուստ է կրել։ Պատճառը հունգարական հասարակություն ինտեգրվելու անհրաժեշտությունն էր, դպրոցի բացակայությունն ու հետևաբար, մայրենիի մոռացությունը, ինչպես նաև ազգային եկեղեցու ներկայության անկայունությունը, ազգանունների հունգարահնչեցումն ու այլ հանգամանքներ: Նիկողոսը գտնում է, որ խնդիրներից լրջագույնն այսօր դպրոցի բացակայությունն է։ 25 աշակերտի լինելիության դեպքում Հունգարիայի պետությունը պատրաստ է բացել հայկական դասարան, ուր ուսումնառումը կընթանա բացարձակ հայերենով։ Բայց, ցավոք, նույն տարածքում հասակակից երեխաների համապատասխան թիվը չկա։
- Փորձեցինք այլ ճանապարհներ գտնել և հասանք նրան, որ 2025թ․-ից կմեկնարկի ծրագիր, որի համաձայն 2-3 աշակերտի հայերեն սովորելու ցանկության դեպքում պետությունը կտրամադրի հայերենի ուսուցիչ, - ասում է Ն․Հակոբյանը։ -Հավատացեք, եթե հիմա թափ չառնենք, միգուցե 20 տարի հետո տեղի հայերը մոռանան, որ հայ են ու, եթե ներկայիս թափը դանդաղի, ապա ինտեգրմանը կփոխարինի միաձուլումը։ Անձամբ ինձ պետք չէ հիշեցնել, բայց միգուցե իմ ժառանգներին ու նրանց ժառանգներին՝ անհրաժեշտ լինի։ Ցավոք, այսօր Հունգարիայում դեռ կան հայեր, ում պետք է պատմել իրենց իսկ արմատների մասին և համայնքում մեր առաջնահերթություններից մեկն այսօր հային հայի մասին պատմելն է նաև։ Բայց կա նաև հակառակ, հուսադրող կողմը․ տեսեք, եթե անցած մարդահամարին հայերի թիվը 2000 էր, ապա այժմ հասնում է 4000-ի։ Սա բնավ բնակչության աճի արդյունք չէ, այլ պարզապես իմ նշած վերազարթոնքի, քանի որ այլևս հպարտությամբ են ընդունում իրենց հայ լինելու փաստը, ընդգծում ազգային պատկանելությունը։
Հունգարահայերը գտնում են, որ հայկական դպրոցի բացման նախադրյալ հնարավոր է դառնա նաև Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ութամյա պատմություն ունեցող հայագիտության ամբիոնը։ Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1635թ․ և ղեկավարվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից, գործելով Վատիկանի հովանու ներքո: Համալսարանում ուսանում են նաև Հայաստանից, Սիրիայից, Արցախից ժամանած հայ ուսանողներ։
Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում հայկական ամբիոնը բացվել է 2016թ․, երբ նշյալ և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների միջև ստորագրվեց համաձայնագիր՝ նպատակ ունենալով խթանել ու զարգացնել գիտական և կրթական համագործակցությունը, հայագիտության բնագավառում ուսանողների և դասախոսական կազմի ակադեմիական փոխանակման ծրագրերը։ Մեկ տարի անց, նույն համալսարանում մեկնարկեց «Հայագիտություն» առանձին մագիստրոսական կրթական ծրագիրը: Մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ստացան մեկ կիսամյակ իրենց ուսումնառումը շարունակել Պազմանի համալսարանում և՝ հակառակը։
Հայագիտության ամբիոնի վարիչը հայագետ Բալինտ Կովաչն է:
- Ուսումնական այս տարվանից ուսանողների թիվը հասնելու է 55-ի։ Իրականացվում են այլ ծրագրեր ևս, - ասում է Ն․Հակոբյանը։ - Անցած տարի պետության առջև բարձրացրինք Պազմանի համալսարանում սովորող արցախցի ուսանողների և նրանց ծնողների կեցության հարցը և անմիջապես պետական աջակցություն ստացանք։ 300 արցախահայ այլևս իրավունք ունի ապրել Հունգարիայում հինգ տարի ժամկետով, որից մեկ տարին՝ կեցության ու բնակարանի պետական ֆինանսավորմամբ, խոսքը արցախահայ ուսանողների ընտանիքների ու նրանց հարազատների մասին է։
Բացի այդ, աջակցության պետական ծրագրի շրջանակներում 120 արցախցի երեխա այս տարի ամռանը հանգստացավ Հունգարիայի ճամբարներում։
Այո, այս ամենը դիվանագիտական կապերի վերականգնման արդյունքներն է, շեշտում է պարոն Նիկողոսը։ Միաժամանակ նշում, որ համայնքը երբեք չի դադարել գործուն մասնակցություն ունենալ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի՝ կապը մշտարթուն պահելու համար։
- Վեց տարի պայքարեցինք, որպեսզի Սաֆարովը ցմահ բանտարկվի, -ասում է։- Հաճախ ինքներս էինք վարձում փաստաբանների, արդարադատության դռները ծեծում, որովհետև արտահանձնման հավանականությունն ակնհայտ էր, Ադրբեջանն անդադար խնդրագիր էր ներկայացնում դատարան և գործը կրկին քննվում էր։ Արտահանձնումից ընդամենը մեկ շաբաթ անց, Ադրբեջանը Բուդապեշտում բացեց իր դեսպանությունը՝ տնտեսական ակտիվ համագործակցություն ու ներդրումներ նախաձեռնելով։ Ադրբեջանական լոբբին ուժեղ էր և ուժեղ է։ Այո՛, իրենք փորձում են իրենց նոր պատմությունը, նոր մշակույթը որպես վաղեմություն, իրականություն ու ճշմարտություն մատուցել։ Բայց հավատացեք, հունգարացիները հստակ գիտակցում են հայերի՝ որպես Հունգարիայի արժանի քաղաքացիների, ավանդն իրենց պատմության մեջ։
Նմաններին խրախուսելու համար համայնքը նույնիսկ մրցանակ է սահմանել, որը տրվում է հայերին ու նաև հունգարներին, նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հունգարահայ իրականության մեջ։ Բնագավառները տարբեր են: Օրինակ, տվյալ մրցանակը շնորհվել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար, «Hungary helps» ծրագրի ղեկավար Տրիստան Ազբեյին, ով ծագումով հայ է և դիվանագիտական հարաբերությունների վերահաստատումից ի վեր մեծ աջակցություն է ցուցաբերում հունգարահայ համայնքին։
«․․․ՀՈՒՆԳԱՐԱՀԱՅԵՐՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՏԱՍՆԵՐԵՔԻ ԹՎՈՒՄ ԵՆ»
1993թ․ Հունգարիայում ընդունվեց «Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք»՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով երկրում գրանցված 13, այդ թվում՝ էթնիկ հայ, փոքրամասնություններին։ Այս արտոնությունը ստացան միայն այն փոքրամասնությունները, որոնք հայտնի են Հունգարիայի պատմության մեջ իրենց ներդրումով։ Ի դեպ, երկրի, օրինակ թուրքերի փոքրամասնությունը այդ առավելությունը չունի։
Ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ նախևառաջ գրասենյակ ունենալ և կենտրոնացնել աշխատանքն ու մարդկային ռեսուրսը։ Այսօր համայնքի գրասենյակում գործում են հայերենի, պարի, երգի, քանդակագործության, մանրանկարչության դասընթացներ։ 2004թ․-ից Բուդապեշտում լույս է տեսնում «Արմենիա» ամսագիրը, հեռուստատեսությամբ մեկ ժամ տևողությամբ հեռարձակվում է հայկական հաղորդաշար։
Այսօր համայնքն ունի «Ուրարտու» ազգային թատրոնը, որը գործում է 2006թ․-ից։ Դերասանական կազմում հայեր կան, բայց գերակշիռ մասը հունգարներ են, ընդ որում ճանաչված դերասաններ։ Բոլոր ներկայացումները հայկական բովանդակություն ունեն, հանդես են գալիս ինչպես Բուդապեշտի, այնպես էլ երկրի առաջատար թատրոններում։ Վերջերս թատրոնը մեծ հաջությամբ բեմադրեց «Ազնավուրի կյանքը» մյուզիկլը՝ նվիրված շանսոնյեի 100-ամյակին։ Խաղացանկում սիրված են նաև «Հոտել Երևան», «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումները։ Իսկ այս տարի «Ուրարտուն» նվաճեց Հունգարիայի ազգային փոքրամասնությունների «Լավագույն թատրոն» մրցանակը։
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արդեն առավել բարձր մակարդակով և բարձրաստիճան հյուրերի ընդգրկվածությամբ կազմակերպվում են երաժշտական երեկոներ ու թեմատիկ միջոցառումներ՝ կապված հիշարժան տարեթվերի ու ազգային տոների հետ։ Այս տարի բարձր մակարդակով նշվեց ապրիլի 24-ը, իսկ սեպտեմբերին կայացան ՀՀ անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությունն ու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատարներ Ինգա Արշակյանի և Գոռ Սուջյանի մասնակցությամբ։
«․․․ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՏՔ Է ԿԱՊԵՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՎ ՈՉ ԱՆՁԵՐԻ ՀԵՏ»
Նոր թափ է առնում նաև հոգևոր-կրոնական կյանքը։ Հունգարիայում գործում է մեկ հայկական եկեղեցի․ թեև որոշ աղբյուրների համաձայն, հայկական եկեղեցիներ այստեղ կառուցվել են դեռևս 11-14-րդ դարերում։ Տասնամյակներ շարունակ՝ մինչև 1935թ. հունգարահայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել են Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը, այնուհետև` Վիեննայի Մխիթարյանականները։
Հայ Կաթոլիկ եկեղեցին գտնվում է Բուդապեշտի Օռլայ թաղամասում։ Որպես գույք այն պատկանում է Հունգարական եկեղեցուն։ Երկար տարիներ ծիսաարարողակարգն այստեղ ապահովել է Հունգարական եկեղեցու սպասավորը՝ հունգարերեն։ Եվ միայն 2023թ․ դեկտեմբերին, տասնհինգ տարիների բացակայությունից հետո, ծառայության է կոչվել Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ, Հայր Մաշտոց Զահտերյանը։
- Հայկական եկեղեցին Հունգարիայում պետական գրանցում ունի, բայց հայերս եպիսպոսական Աթոռ երբևէ չենք ունեցել, - ասում է Հայր Սուրբը։ -
Այդ իսկ պատճառով ծառայությունն այստեղ մշտապես կոչվել է առաքելություն։ Առաքյալները եկել են, ծիսական կարգ մատուցել ու վերադարձել Վիեննա։ Տեղական՝ Լատին եկեղեցին է կառավարել ընթացքը, Մխիթարյան միաբանությանը երբեք չի պատկանել ծխի աշխատանքը։ Եվ սակայն, պատմությունից ի վեր Մխիթարյաննականներն այստեղ ամենից շատ գործ են արել՝ 1800-ականներից սկսած, մեծ վաստակ ունենալով Տրանսիլվանիայում և հիմնելով կրթական ու մշակութային օջախներ։ Տրանսիլավիայի հայերը Անիից գաղթած կաթոլիկ հայերի ժառանգներ են, իսկ անկախության շրջանի հայերը՝ առաքելականներ։ Այս հանգամանքը, ցավոք բացասական դեր է խաղացել։ Տեղի Կաթոլիկ եկեղեցին իր սպասավորներին է ուղարկել տաճար ծեսն անցկացնելու, պատարագն ընթացել է հունգարերեն՝ դժվարություն ստեղծելով հիմնականում Առաքելական եկեղեցու հայախոս հետևորդների համար։ Լեզվական խնդիրը աստիճանաբար հեռացրել է եկեղեցուց, նոսրացրել հայ համայնքը, որովհետև լեզուն թե՛ մշակույթի, թե՛ հավատքի և թե՛ ինքնության ու պատկանելության արտահայտությունն է։
2001թ․ հունգարահայ առաքելակաների եկեղեցական կյանքը հոգացել է Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հայության հոգեւոր Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, բայց ոչ մշտական ներկայությամբ։ Հայր Մաշտոցը միանշանակ կողմ է, որ Հունգարիայում հաստատվի Առաքելական Եկեղեցու մշտական ներկայություն նույնպես, քանի որ Բուդապեշտի հայերի մեծամասնությունն այսօր Առաքելական եկեղեցու հետևորդ է։ Բայց քանի դեռ հարցն իր վերջնական լուծումը չի ստացել, նա փորձում է համախմբել բոլորին Աստծո նույն տաճարում։
- Ես միշտ մտածում եմ, թե ինչպես պետք է ներկայանամ, որպեսզի հոգևորականիս ճշմարիտ ծառայության իմաստը ընկալելի և ընդունելի դառնա, - ասում է Հայր Սուրբը։- Նույնիսկ գիտակցում եմ, որ արևելքի զավակ եմ ու տարբերությունները շատ են, ուրեմն պետք է եվրոպականն էլ որդեգրեմ, պետք է հարգեմ յուրաքանչյուրի մտայնությունը, գաղափարները՝ փորձելով ներկայացնել ընդհանուր հայկականը։ Ուզում եմ, որպեսզի եկեղեցին պաշտոնական կառույց չլինի, մարդիկ իրենց զգան ինչպես տանը ու պատասխանատվություն կրեն այդ տան համար։
-Պետք է աշխատենք, որ այս գաղութը որպես այդպիսին չկորցնի իր ինքնությունը, ցավոք, կորուստներ առանց այդ էլ շատ ենք գրանցել։ Լինեն Հայաստանի և կամ տեղի հայեր, բոլորն ապրեն որպես մեկ ազգի քրիստոնյա զավակներ, առանց տարբերությունների, հին ու նոր հայերի։ Մարդկանց պետք է կապենք Քրիստոսի և ոչ անձի հետ։ Իմ համար կարևոր է, որ մարդիկ գան եղեկեցի Աստծո հետ հանդիպելու և աղոթելու։ Եկեղեցին նախևառաջ մխիթարություն ու Աստծու հետ հանդիպատեղի է։
Բայց Սփյուռքում, խոստովանում է Հայր Մաշտոցը, Եկեղեցին ձեռք է բերում նաև հայապահպանության գործառույթ։ Ժամանակին Հունգարիայի հայերը հենց այս տաճարում են հավաքվել ու միասին նշել ազգային ու ժովովրդական տոները և հոգևորականի նպատակներից մեկն այսօր այդ բարի ավանդույթի վերադարձն է։ Եկեղեցին պահելու մեծ բյուջեի կարիք չկա, բայց, եթե ազգային ինքնապահպանման հարցեր առաջ քաշվեն, եկեղեցուն կից կհիմնվեն կիրակնօրյա դպրոց ու մշակութային խմբակներ, ասում է Հայր Մաշտոցը։
«․․․ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿԱՆՋԱՊՈՒՐՆ ՈՒ ՉՈՐԹԱՆԸ ՄԵՐ ՍԵՂԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՏԵՍՏՆ ԵՆ»
Հունգարիայի պատմության ու երկրի կայացման մեջ հայերը մշտապես գործուն մասնակցություն են ունեցել, նշանավորվել հերոսական սխրանքներով Հունգարիայի ազգային ազատագրական պայքարների ժամանակ։ Այսպես, Վեսպրեմ քաղաքում տեղադրված են Լազար Վիլմոշ ու Կեշերոն գնդապետների բարելյեֆները և ճարտարապետ Աշոտ Բաղդասարյանի նախագծած ազատության խորհրդանիշը՝ Իկառուս արձանը։ Նույն քաղաքում է խոյանում նաև Նոյան տապան արձանը։
Հայերը մասնակցություն են ունեցել նաև Հունգարիայի անկախության հռչակագրի ստեղծմանը․ հայազգի հրապարակախոս Իշտվան Գորովենը համահեղինակել է փաստաթղթի կազմումն ու մշակումը։ Հայկական անուններով են հարուստ արվեստի անցյալ ու ներկա բնագավառները ևս․ դերասան Ագարդի Գաբոռ, Հունգարիայի արվեստի ակադեմիայի հիմնադիր Օլոշ Սիմոն, թատերագիր Գերգեյ Չիկին, արձակագիրներ՝ Լասլո Գորով, Իշտվան Պետելեյ, նկարիչ Շիմոն Հոլոշ, Լևոն Ազնավուրյան, երգչուհիներ՝ Կոռնելիա Հոլոշ, Կարինե Բաբաջանյան, դաշնակահարուհիներ՝ Նոյեմի Փիշմիշյան, Գայանե Ջաղացպանյան, բժիշկներ՝ Գագիկ Ջոթյան, Արամ Բելդեկյան, Արմեն Մալխասյան, Գեյզա Յանուշ Աբգարովիչ․․․
Հունգարիայում հայահոծ քաղաքներ ու գյուղեր չկան, թերևս ամենահայաշատը՝ Բուդապեշտն է։ Բայց հայկական հուշարձաններ կարելի է տեսնել Դեբրեցեն, Վեսպրեմ, Սեգեթ, Շոպրոմ քաղաքներում ևս։ Վեսպրեմում է տեղադրված Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության մասին գրությամբ խաչքարը։
Բժիշկ Գեյզա Յանոշ Աբգարովիչը Սեյկեշֆեհեյրվարից է։ Սեյկեշֆեհեյրվարը միջնադարում հունգար արքաների նստավայրն է եղել, ուր թագադրվել են արքաները։ Պատմական քաղաքի տաճարում առայսօր ամփոփված է 15 թագավորի աճյուն։
Գեյզա Աբգարովիչը մեծ հարգանք է վայելում Հունգարիայի հասարակական ու մասնագիտական շրջանակներում։ Երբ հյուրընկալվեցինք, նոր էր վերադարձել վիրահատությունից։ 70-ամյա բժիշկը օրական 20-25 վիրահատություն է անցկացնում տեղում ու Հունգարիայի տարբեր քաղաքների կլինիկաներում՝ որպես հրավիրյալ բժիշկ։ Հայրը Տրանսիլվանիայի հայ էր։ Պատերազմի ժամանակ գերեվարվել է ավստրիացիների կողմից, հետագայում հաստատվել Սեյկեշֆեհեյրվարում, ուր և ամուսնացել հունգարուհու հետ։ Բժիշկ Գեյզան, իր տիկնոջ ու երկու դուստրերի հետ, շարունակում է ապրել հայրական տանը՝ Սեյկեշֆեհեյրվարում։
Աբգարովիչը բժշկական համալսարանն ավարտել է Սեգեթում, վերապատրաստվել Գերմանիայում, Եվրոպայի մի շարք քաղաքներում, որտեղ յուրացնելով կոտրվածքների վիրահատության նոր տեխնոլոգիաներն ու համակարգը, վերադարձել է ծննդավայր ու տեղում հիմնել ամենաարդի տեխնոլոգիայով հագեցած խոշոր կլինիկաներից մեկը, ուր տարվում են վիրահատություններ հատկապես մարզական կոտրվածքների և վնասվածքների ուղղությամբ։
- Հայկական կողմի հետ քննարկել եմ Հայաստանից ուսանողների տեղում վերապատրաստման հարցը, -ասում է Գեյզան, - բայց ցավոք, հայաստանյան օրենքների համաձայն, միայն եռամյա աշխատանքային ստաժ ունեցող բժիշկն է կարող և, այն էլ միայն երեք ամսով, բացակայել երկրից։ Բայց ես պատրաստ եմ ինքս գնալ Հայաստան ու իմ փորձով կիսվել տեղի բժիշկների հետ։
Հայաստան առաջին անգամ այցելել է վերջերս։ Թեև մշտապես փորձել է օգտակար լինել իր պատմական հայրենիքին՝ Սպիտակի երկրաշարժի ու քառասունչորսօրյայի օրերին։ Ցավում է, որ հայերենին չի տիրապետում, թեև խոստովանում է, որ ծնողներին չի մեղադրում․ լիարժեք ինտեգրացիայի համար Հունգարիայում հունգարերենին տիրապետումը առաջնային էր և ընտանիքը փորձում էր ամեն կերպ հաստատվել ու կայանալ։ Ցավոք, այդ ճանապարհին մոռացվեց հայերենը, մանավանդ, որ քաղաքն էլ հայաշատ չէր՝ 1 մլն բնակչության շրջանում, այսօր ընդամենը 37 հայ է ապրում։
Աբգարովիչների ընտանիքում հայկականը պահպանվել է ավանդականի՝ արտաքինի ու բնավորության հատուկ գծերի, առայսօր սիրով պատրաստվող հայկական ականջապուրի ու չորթանի տեսքով․․․
-Ճկուն, արագ, օրինավոր, պարտաճանաչ, աշխատասեր, ընտանիք, հարազատ ու Աստված սիրող․ բնավորության այս գծերն ինձ «մատնում են», - ասում է Գեյզան, - որովհետև Հունգարիայում հայերիս հենց այդպես են ճանաչում։ Կարծում եմ, ազգային նկարագրի հենց այս կարևոր մասն ու արժեքների կուռ համակարգը, որը մեր հանդեպ մեծ հարգանք է առաջացնում ցանկացած երկրում, պետք է ամուր պահենք ու պարտադիր փոխանցենք մեր ժառանգներին․․․»: