World News in Armenian

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

· 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,

· 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),

· 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),

· գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցումների մեկնարկը՝ ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով:

1-ին տարիքային խմբում չեն կարող մասնակցել աթլետիկա մարզաձևով զբաղվող այն դպրոցականները, որոնք վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Վերոնշյալ դպրոցականները կարող են մասնակցել գործող մարզիկների խմբում:

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին: Նույն պահանջը վերաբերվում է նաև օտարերկրյա աթլետ մարզիկներին:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստանալու՝ 

1-ին տեղ՝ 1,000,000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ

4-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ

5-10-րդ տեղ՝ 50,000 ՀՀ դրամ

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Читайте на 123ru.net