Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ սահմանը բացել հենց այս պահին. Արմեն Գրիգորյան
Մենք ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ կբացվի Թուրքիայի հետ սահմանը, այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք ամբողջովին պատրաստ ենք նույնիսկ հենց այս պահին բացել սահմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, այն է՝ 3-րդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»,- ընդգծել է Գրիգորյանը:
Անդրադառնալով Իրանի անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանն՝ ԱԽ քարտուղարն ասել է. «Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ եթե Հայաստանը ձեռք է բերում կարողություններ իր սահմանների անվտանգությունն ապահովելու, ապա ՀՀ-ն ամբողջական կամ մասամբ իր վերահսկողության տակ է վերցնում սահմանների պահպանությունը։ Ռուսաստանի հետ համաձայնությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։
Եվ քանի որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը ձեռք են բերել բավարար կարողություններ, մենք առաջարկել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հունվարի 1-ից Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցակետում ամբողջությամբ ՀՀ սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն, ինչպես նաև՝ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին համատեղ ծառայություն իրականացնենք։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Հունվարի 1-ից կանցնենք այս՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը»: