World News in Armenian

Նեթանյահուն Բայդենի վարչակազմին ասել է, որ կհարվածի Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային. The Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ասել է, որ պատրաստ է հարվածել Իրանին՝ թիրախավորելով ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտները, այլ ռազմական. այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ երկու պաշտոնյաների, որոնք ենթադրել են, որ Իսրայելի կողմից ավելի սահմանափակ հակահարվածն ուղղված է լայնամասշտաբ պատերազմը կանխելուն:

Իսրայելի հարվածն Իրանի նավթային օբյեկտներին կարող է բարձրացնել էներգակիրների գները, կարծում են վերլուծաբանները, մինչդեռ երկրի միջուկային հետազոտական ծրագրի վրա հարձակումը կարող է ջնջել Թեհրանի հետ Իսրայելի հակամարտությունը բռնկումից հետ պահող մնացած «կարմիր գծերը»՝ առաջացնելով հետագա էսկալացիա և վտանգելով ԱՄՆ-ի ավելի անմիջական ռազմական դերն այս հակամարտությունում: Ուստի, երբ Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է  միայն Իրանի ռազմական օբյեկտներին հարվածել, Վաշինգտոնը դա թեթևության զգացումով է ընդունել:

Իսրայելի վրա Իրանի վերջին հրթիռային հարձակումից երկու շաբաթ է անցել և Մերձավոր Արևելքը պատրաստվում է Իսրայելի խոստացված պատասխանին՝ վախենալով, որ երկու երկրների տասնամյակներ տևած ստվերային պատերազմը կարող է պայթել՝ վերածվելով լայնածավալ ռազմական առճակատման:

Նախկինում Բայդենը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի աջակցի Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն:

Սպիտակ տունը The Washington Post-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել: Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է.«Մենք լսում ենք Միացյալ Նահանգների կարծիքը, սակայն մեր վերջնական որոշումները կկայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից»։

Читайте на 123ru.net