World News in Armenian

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

Սուր շնչառական վարակները հանդիսանում են աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։

Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Սուր շնչառական վարակների տարածման միտումների բացահայտման նպատակով իրականացված շաբաթական մոնիթորինգի արդյունքում 2024թ-ի թվականի 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.1 անգամ։ Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները։

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը՝ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.5%-ով, իսկ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով:

Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

  •  Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
  • խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևեք անձնական հիգիենային։

The post ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net