World News in Armenian

Google-ը միջուկային էներգիա կգնի՝ ԱԲ տվյալների պահման կենտրոնների աշխատանքն ապահովելու համար

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ստորագրել է աշխարհում իր տեսակով բացառիկ պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը գնելու է իր աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա, որն արտադրելու են փոքր միջուկային ռեակտորները:

Ինչպես գրում է The Guardian-ը, Google-ի՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացումը պայմանավորված է արհեստական բանականության կիրառման աճով:

Տեխնոլոգիական ոլորտի հսկան Կալիֆոռնիայի Kairos Power-ից պատվիրել է 6-7 փոքր միջուկային ռեակտոր, որոնք ամբողջությամբ պատրաստ կլինեն 2035-ի դրությամբ:

Google-ը հուսով է, որ այս տարբերակով հնարավոր կլինի լուծում տալ արհեստական բանականության տվյալների պահման կենտրոնների համար, որոնք պահանջում են հսկայական ծավալի էլեկտրաէներգիա:

Google-ի էներգետիկայի և կլիմայի գծով ավագ տնօրեն Մայքլ Թերելն այս կապակցությամբ ասել է. «Էլեկտրական ցանցին անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ՝ արհեստական բանականության  տեխնոլոգիաներին աջակցելու համար, որոնք նպաստում են գիտական մեծ առաջընթացին, բարելավում են ծառայությունները բիզնեսի և հաճախորդների համար և խթանում ազգային մրցունակությունն ու տնտեսական աճը»:

Читайте на 123ru.net