World News in Armenian

Արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, աճը 86 տոկոս է. Գլխավոր դատախազ

Հայաստանում 2024 թվականի 8 ամսվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, ապօրինի շրջանառության դեպքերի թիվը 1,946 է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

«2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս»,–ասաց Վարդապետյանը: 

Ըստ նրա՝ թեև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1,946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8 տոկոսով նվազել է, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը և տարիներ շարունակ բացասական առումով  կայուն աճի միտումը Դատախազության համար շարունակում է անհանգստացնող մնալ:  

Գլխավոր դատախազի ներկայացրած ցուցանիշներով՝ 2019-ին գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 163 դեպք, ապօրինի շրջանառության՝ 847, 2020–ին՝ մաքսանենգության 222 դեպք, ապօրինի շրջանառության՝ 872, 2021–ին՝ մաքսանենգության 420 դեպք, շրջանառության՝ 974, 2022-ին՝ մաքսանենգության 386 դեպք, ապօրինի շրջանառության՝ 1,717, 2023-ին՝ մաքսանենգության 210 դեպք, ապօրինի շրջանառության՝ 4,564 դեպք: 

«Եթե համեմատենք 2019 և 2023 թվականները, ապա մաքսանենգության դեպքերն աճել են 47–ով, իսկ ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 3,717–ով: 2024-ի հունվար–օգոստոս ամիսներին մաքսանենգության դեպքերը 266–ն են, ապօրինի շրջանառության դեպքերը՝ 1,946-ը»,–ասաց նա:

Читайте на 123ru.net