Խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կիրառում է «գործ տվողներ» արտահայտությունը. Հայկ Սարգսյան (տեսանյութ)
Մենք ընդունել ենք քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունենալը, պահպանելը քրեականացնող նորմ, բայց մեր հանրության շրջանում դեռևս կան կասկածներ, որ սա կիրառվում է ընտրանքային կամ ոչ բոլորի նկատմամբ: Այս մասին ԱԺ-ում դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ սա կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի:
«Այն կարող է ինչ-որ «գողերի» նկատմամբ կիրառվի, որոշների նկատմամբ՝ ոչ: Խնդիրը ոչ թե «օրենքով գողերն են» կամ քրեական հեղինակությունները, այլ նաև քրեական ենթամշակույթը մեր հանրության շրջանում:
Պարոն Քոչարյանը նոր ինձ համար շատ մտահոգիչ հայտարարություն արեց, ասաց «գործ տվողների» մասին օրենքը: Սա շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն է անում: Անգամ չի կարելի դրա մասին կատակ անել, որովհետև հաղորդում ներկայացնելը հանցագործության մասին, ոստիկանության հետ համագործակցելը կատակ չէ:
Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ ոստիկանությունը գնում է քաղաքացուց տեսախցիկի տվյալները վերցնելու, քաղաքացին խուսափում է, որպեսզի բակում չպիտակավորվի: Մենք հիմա ի՞նչ քայլեր ենք անում, որ ոստիկանության հետ համագործակցողը ոչ թե լինի գործ տվող, այլ լինի իր երկիրը սիրող քաղաքացի»,- ասաց նա:
Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Ես կատակով ասացի Հայկ, ես պարզապես կատակի լեզվով ասացի, որ Վրաստանում այդպես էին ասում, որովհետև Վրաստանը քրեական ենթամշակույթի հետ միշտ կոմֆորտ միջավայր է ունեցել»: