Վերջին 5 տարում առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս․ ՆԳ նախարար
Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
«Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս, 2019 թվականին՝ 284, 2020թ-ին՝ 296, 2021թ-ին՝ 350, 2022 թ.-ին՝ 880, 2023թ.-ին՝ 1,678: Սա հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով»,-ասաց նախարարը:
Ղազարյանը ներկայացրեց, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1 տոկոս՝ կրճատվելով 0.7 տոկոսով: 2019 թվականին՝ աճը 8.8 տոկոս է եղել, 2023 թվականին՝ 8.1 տոկոս: 2024 թվականի 8 ամիսներին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 25 հազար 637-ից դառնալով 24 հազար 567:
Ըստ նախարարի՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13.4 տոկոս, 2019-ին՝ 4,490, 2020-ին՝ 4,077, 2021-ին՝ 4407, 2022-ին՝ 5,080, 2023-ին՝ 6,116, ինչը հիմնականում պայմանավորված է եղել խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքերի արձանագրմամբ:
Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին աճել են սպանության (միջինում աճը՝ 12.1 տոկոս ), սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4 տոկոս ), զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6 տոկոս ), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9 տոկոս ), խուլիգանության (միջինում աճը՝ 23.2 տոկոս ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6 տոկոս ) և խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14 տոկոս ):
Նախարարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների դեպքերը: