Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։
«Կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ Միքայելյան հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար,
Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է: Պարզվում է, որ ավտոլվացման կետում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհանես Պողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտյոմ Համզոյանի և Արսեն Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը. նա Արարատի մարզի բնակիչ է, 17 տարեկան:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։