World News in Armenian

Փաշինյանի կառավարման տարիները Հայաստանի համար եղել  են մեր անկախության ամենավատ ու ձախողված տարիները. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի  Սամսոնյանը

– Գործադիրի նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է արտագաղթի պատճառների մասին։ Համակարծի՞ք եք, որ նշված պատճառներից ելնելով են մարդիկ գնում երկրից, և որքանո՞վ սանրվածքի, ականջօղի ու այլնի պատճառով, որի մասին ասում է Փաշինյանը, գնացողների հոսքը կարելի է համարել արտագաղթի պատճառ։

– Հայաստանում ժողովրդագրության վիճակը շատ տխուր է, և դրա թիվ մեկ պատճառներից մեկը արտագաղթն է։ Խելամիտ մարդու համար պարզ է, որ արտագաղթի մարտահրավերը չի ստեղծվել ականջօղ կրողների կամ սանրվածքի պատճառով արտագաղթողների հաշվին։ Պարզապես վարչապետը չի կարող ամբողջ Կառավարության առջև պարզ ու հստակ խոստովանել, որ Հայաստանում մարդիկ ապագա չեն տեսնում։ Հատկապես վերջին երկու տարիներին, օրինակ՝ իմ շրջապատում շատացել են Հայաստանից ճամպրուկները կապած հեռացող կամ հեռանալու ծրագրեր կազմող մարդիկ։ Գրին քարտ են խաղարկում, Մեքսիկայով Ամերիկա փախչելու կոնտակտներ են փնտրում, նույնը նաև դեպի Եվրոպա, դե իսկ Ռուսաստանը միշտ կա ու կա։ 

Հայաստանից փախչելու երկու հիմնական պատճառ կա՝ անվտանգությունը և աշխատանքը։ Վարչապետը Կառավարության նիստում մի բան Ճիշտ ասաց, որ մարդիկ ամեն օր մտածում են, թե ինչ անեն, որ իրենց տղան բանակ չգնա։ Բայց վարչապետը պետք է նաև նշի, որ իրենց ապիկար կառավարման հետևանքով ենք նաև հասել այս վիճակին, որովհետև բանակի վիճակի և դրանով պայմանավորված սահմանների պաշտպանության և անվտանգության հարցում հույս չեն տեսնում։ Լավ, սահմանների հարցը մի կողմ, մեկ տարում արդեն քանի ինքնասպանության դեպք է արձանագրվում բանակում․ սրա մասին պետք է մտածեն։

Երկրորդ պատճառը տնտեսությունն է և զբաղվածությունը։ Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելը տարեցտարի ավելի դժվար է դառնում, և մարդիկ նախընտրում են Հայաստանում այդքան ջանք թափելու փոխարեն իրենց հաջողությունը դրսում փորձել։ Դեպի Հայաստան ներդրումների հոսք չկա։ Ինչ ծրագիր էլ արել են, հաջողությամբ ավարտին չեն հասցրել։ Մյուս տարի Կառավարության ձեռնարկած հարկային փոփոխությունների ֆոնին վիճակն էլ ավելի է վատանալու։ 

Եթե այս պատճառներին էլ գումարենք կոռուպցիայի և հովանավորչության առկայությունը, հանցավորության աճը և «բեսպրեդելը», երկրում տիրող հուսալքվածության և հուսախաբվածության մթնոլորտը, կստացվի, որ Հայաստանը ապրելու և աշխատելու համար դարձել է դիսկոմֆորտ երկիր։

Սրա մասին պետք է մտածի երկրի վարչապետը, ոչ թե արտերկրում աշխատող մատուցողի սանրվածքի պատմության մասին, որը Կառավարության նիստին ներկա անդամներին է նույնիսկ ձանձրացնում։

– Իր կառավարման տարիներին ի՞նչ է արել Փաշինյանը, որ, իր նշած՝ արտագաղթի պատճառները նվազագույնի հասցնի, որ արտագաղթի ցուցանիշները նվազեն։ 

– Փաշինյանի կառավարման տարիները Հայաստանի համար եղել են մեր անկախության ամենավատ ու ձախողված տարիները։ Այս իմաստով առանձին վերցրած ոչ մի պետական ծրագիր չի կարող բուժել քաղաքական տկարության ու անհեռատեսության, կառավարման ապիկարության ու դիլետանտիզմի պատճառով բացած վերքերը։ Օրերս ընդունել են ժողովրդագրության ռազմավարությունը, որը երկար է մշակվել, և որքանով ես եմ ծանոթ, բավականին հաջողված ռազմավարություն է, որովհետև դրա վրա աշխատել է մասնավոր պրոֆեսիոնալ խորհրդատվական խումբ։ 

Բայց դեռ հարց է՝ այս իշխանությունն այդքան կարողություն ունի՞ ռազմավարությունը կյանքի կոչելու, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում, որպեսզի մարդիկ Հայաստանից չարտագաղթեն, պետք է այս երկրում տեսնեն իրենց ապագան։ Քանի որ վարչապետն ասում է՝ ապագա կա, իսկ ինքն ինչ ասում՝ հակառակն է անում, հետևաբար այս իմաստով իմ մտավախությունները կարող եմ արդարացված համարել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանի կառավարման տարիները Հայաստանի համար եղել  են մեր անկախության ամենավատ ու ձախողված տարիները. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net