Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան
Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտագման են ենթարկվում Բաքվի բանտերում։
ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում։
«Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։