ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)
2024-ն աննախադեպ տարի էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին է օրինակ՝ արդարադատությունը. ստորագրվեց և վավերացվեց «Հայաստան-Եվրոպոլ», «Հայաստան-Եվրաջասթ» կառույցների հետ պայմանագրերը»,- ասաց փոխնախարարը:
Նա հիշեցրեց, որ 2 կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին՝ արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունն է մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն է տրամադրվելու:
«Ավարտին ենք հասցնում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը: Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ: Այս օրերին Եվրամիության կողմից պատվիրակություն է գնտվում Երևանում, որ մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- շեշտեց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ շարունակվում է մեր առաջնային՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ ԵՄ առաքելության գործունեությունը:
«Ավարտին է հասցվում եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություններին Հայաստանին մասնակցելու հարցի վերաբերյալ պայմանագիրը:
2025 թվականին նախատեսվում է Հայաստան-Եվրամիության համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բոլոր կանոնադրական մարմինների նիստերը՝ դա բարձրագույն մարմինն է՝ գործընկերության խորհուրդը: Բրյուսելում է կայանալու»,- ասաց նա: