Ադրբեջանցի լրագրողը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել «ՌԴ-ի օգտին լրտեսելու» համար
Ադրբեջանցի լրագրող Նազաքեթ Մամեդովան Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է պետական դավաճանության և Ռուսաստանի օգտին լրտեսության համար։
Ինչպես հայտնում է musavat.com-ը, դատարանը 46-ամյա Մամեդովային դատապարտել է 13 տարվա ազատազրկման ռուսական հետախուզական ծառայությունների հետ ենթադրյալ համագործակցության համար։
Մեղադրող կողմի կարծիքով՝ Մամեդովան, «գործելով քաղաքագետի և լրագրողի քողի տակ», ղեկավարել է Alfa TV յութուբյան ալիքը, որը հրապարակել է «ռուսամետ նյութեր»։
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ այս ալիքի ստեղծումը, հարցազրույցների կազմակերպումը և որոշակի նյութերի տարածումը կնոջ անօրինական գործունեության մաս են կազմում։ Դատախազությունը պնդում է, որ կինը գումար է վերցրել ռուսական հետախուզական ծառայություններից։