World News in Armenian

Սպորտը քաղաքականությունից դուրս է․ Թիկնիզյանը՝ Պետրակովի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրանու նախկին գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռացմանը։

– Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ միայն շնորհակալության խոսքեր ունեմ. մենք միասին սկսեցինք մեր ճանապարհը հավաքականում։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Վասիլևիչին և շարունակեցինք մեր աշխատանքը: Առավել ևս, վերջին երկու ամիսները շատ կարևոր էին, որ կարողանայինք զբաղեցնել երկրորդ տեղը և խաղալ անցումային խաղերում:

– Վերջին խաղերում զգացվո՞ւմ էր, որ Պետրակովը կարող է հեռանալ։

– Իհարկե, երբ անհաջողությունների շարան է լինում և արդյունքներ չկան, մարզչի հեռացումը բնական է։ Ավելի հեշտ է հեռացնել մեկ մարդու, քան փոխել թիմի կեսը։ Դա սպասելի էր, և ամեն ինչ դեպի դա էր գնում։

– Պետրակովի հետ խնդիրներ եղե՞լ են։ Նա ուկրաինացի մարզիչ է, իսկ դուք խաղում եք ՌՊԼ-ում։

– Ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել։ Սպորտը քաղաքականությունից դուրս է։

Պետրակովը գլխավորել էր Հայաստանի հավաքականը 2023 թվականի հունվարին։ Թիկնիզյանը և Պետրակովը հավաքականում իրենց նորամուտը նշել էին 2023 թվականի մարտին՝ Թուրքիայից կրած 1:2 հաշվով պարտությամբ։

Հայաստանի հավաքականում ուկրաինացի մարզիչը անցկացրել է 18 հանդիպում, որոնցից 4-ում թիմը հաղթել է, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 10-ում՝ պարտվել։ Հոկտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայից սեփական դաշտում կրած 0:2 հաշվով պարտությունից հետո, մարզիչը հեռացել էր հավաքականից։

Читайте на 123ru.net