World News in Armenian

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

Իշխող «Վրացական երազանք`ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Բնականաբար, դա արժանացել է քաղխորհրդի միասնական աջակցությանը»,- ասել է Մդինարաձեն:

Վերջինս հավելել է, որ խորհրդարանի խոսնակի թեկնածուն կլինի օրենսդիր մարմնի ներկայիս ղեկավար Շալվա Պապուաշվիլին:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ մինչև նոր կաբինետի նշանակումը:

Վրաստանում խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Նախագահը ևս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում:

Читайте на 123ru.net