World News in Armenian

Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ ենք, դա մի քիչ խանգարել է. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Այսօր այստեղ եմ, նախ Վահե Ղազարյանին շնորհակալություն հայտնելու ներքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի և ներդրման համար։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ աշխատակազմին նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելու ժամանակ:

«Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անրուրանալի է և նա, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում:

Պարոն Ղազարյանի պաշտոնավարումը համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը, և այս ընթացքում կատարած նրա աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի։ Մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք, և սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում, այնուամենայնիվ մի քիչ խանգարել է, բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը` պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։

Եթե ճիշտ եմ հիշում մեր հանրապետության գոյության ընթացքում, թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի վրա և ըստ էության, 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային համակարգային փոփոխությունն է տեղի ունեցել: Այդ բոլոր աշխատանքները առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- ասաց նա։

Վարչապետը ներկայացրեց նաև նորանշանակ նախարարին:

«Ես այստեղ եմ նաև ներկայացնելու ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, ով նույնպես ոստիկանության, բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի, դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա շատ մեծ ներդրում է ունեցել և մասնակցություն է ունեցել բարեփոխումներին և այդ պրոցեսի ամենաակտիվ մասնակիցներից է: Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության համար այդ բոլոր ծառայությունները հասկանալիորեն և ընդունելիորեն պահպանողական են, բայց տիկին Սարգսյանը այս ընթացքում կարողացել է համակարգում դառնալ յուրային և սա նույնպես շատ կարևոր որ գործոն է։ Ուզում եմ հաջողություն մաղթել տիկին Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով»,- ասաց Փաշինյանը:  

Читайте на 123ru.net