World News in Armenian

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների  երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը պետության դիմակայուն զարգացումն ապահովելու տեսանկյունից առաջնային է համարել աղետների ռիսկի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը` ինչպես վտանգի գնահատման և կանխարգելման, այնպես էլ կլիմայական փոփոխությունների նկատմամբ առկա խոցելիությունների նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել 2024 թվականի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների և դրանց հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կառավարման ուղղությամբ Կառավարության և միջազգային գործընկերների կողմից իրականացված աշխատանքներին:

Անդրադարձ կատարելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքներին՝ նիստի մասնակիցներին են ներկայացվել տուժած մարզերի ինը խոշորացված համայնքներում Կառավարության և ՄԱԶԾ առաջնորդությամբ և ԵՄ պատվիրակության և զարգացման ոլորտի այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ իրականացված Հետաղետային կարիքների գնահատման (ՀԱԿԳ) արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված արդյունավետ աշխատանքի համար և կարևորել այս ձևաչափով քննարկումների շարունակականությունը` միջազգային լավագույն փորձը դուրս բերելու, ոլորտային քաղաքականություններում և մոտեցումներում առկա բացերը վերհանելու, ինչպես նաև նորարական լուծումների ներդրման հնարավորությունները գնահատելու տեսանկյունից:

Читайте на 123ru.net