World News in Armenian

Սոցիալապես անապահով ընտանիքներին պետական աջակցության նոր ծրագիրը 2025 թվականի հունվարի մեկից կկիրառվի 2 մարզում. Փաշինյան

Քաղաքացու չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի: Այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական աջակցության մեխանիզմի վերաբերյալ:

Անդրադառնալով նպաստների և սոցիալական աջակցության ծրագրերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, թե արդյոք դա կիրականացվի մինչև ընտրությունները, քանի որ հնարավոր է այն հանգեցնի սոցիալական մեծ դժգոհության՝ վարչապետը նշեց, որ 2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է:

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է, իհարկե, դա կապված է նաև աշխատատեղերի թվի աճի հետ: Ենթադրում եմ, որ այսօր կհրապարակվի Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը, որը հոկտեմբերի տվյալներով՝ բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում, 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված», - ասաց վարչապետը՝ նկատելով, որ խոսքը միայն իրական աշխատավարձ ստացողների մասին է:

Անդրադառնալով սոցիալապես անապահով ընտանիքներին պետական աջակցության նոր ծրագրին՝ վարչապետը նշեց, որ այն սկսելու է գործել 2025 թվականի հունվարի մեկից:

«Այն պիլոտային ձևով կկիրառենք 2 մարզում. հնարավոր է՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ինչո՞ւ այդ մարզերում, որովհետև Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրում ենք, որ այդ առումով հարմար է, որովհետև եթե հանկարծ չստացվի, ապա նախնական լարվածությունն ավելի քիչ կլինի: Այո, գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման համակարգը փոխենք», - հայտարարեց վարչապետը:

Վերջինիս խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող ծրագրի տրամաբանությունն այն է, որ կառավարությունը նախ մարդուն ուղեկցում է և նրան պատրաստում է աշխատանքի:

«Նաև փորձագետների հետ մեր աշխատանքային քննարկումները հաստատում են իմ այս ընկալումը, որ չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի, որովհետև ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար աշխատելն է մեծ սթրես, և մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը»,- նկատեց վարչապետը:

Читайте на 123ru.net