World News in Armenian

Իսրայելն ամբողջ գիշեր հարվածել Է Լիբանանի քաղաքներին, սակայն հրադադարի մասին հայտարարումից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները

Իսրայելական օդուժն անցած գիշեր հարվածներ է հասցրել  Լիբանանի քաղաքներին՝ իր պնդմամբ՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» շարժման ֆինանսական օբյեկտները։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական հարվածներ են հասցրել ինը ահաբեկչական թիրախներին, որոնք «Հեզբոլլահ»-ի ֆինանսական կառավարման և համակարգերի բաղադրիչներն էին Բեյրութի, Սիդոնի, Տյուրի և Բեքաայի տարածքներում», - ասվում է հաղորդագրությունում:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:

«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:

Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Читайте на 123ru.net