World News in Armenian

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում:

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:

«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:

Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Читайте на 123ru.net