Կապանում սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է փողոցը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ. ՆԳՆ
Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։
Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով` փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
The post Կապանում սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է փողոցը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ. ՆԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.