Հենց հիմա էլ կարող են փոխել այդ տղայի խափանման միջոցը, եթե իհարկե Փաշինյանի կողմից այդ ցուցումը լինի. Նորայր Նորիկյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, չեն դադարում քննարկումները անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ երկու ամիս կալանքն իբրև խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման վերաբերյալ: Այսօր էլ Դավիթին տեղափոխել են բժշկական կենտրոն, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ: Ի՞նչ իրավական ու քաղաքական գնահատական կտաք կատարվողին:
– Ես՝ որպես փաստաբան, կալանքը իբրև խափանման միջոց դիտարկում եմ ծայրահեղ միջոց, երբ այլևս չկան որևէ ողջամիտ խափանման միջոցներ, որոնք ի վիճակի չեն ապահովելու մեղադրյալի վարքագիծը մինչդատական կամ հետագայում դատական վարույթում: Հետևաբար, ես գտնում եմ, որ գործի շրջանակներում, եթե առերևույթ առկա լիներ քրեորեն հետապնդելի արարք, կիրառվել է ամենախիստ ու ծայրահեղ խափանման միջոց կալանքը՝ առանց հաշվի առնելու այդ երիտասարդի առողջական վիճակը, նախկինում որևէ կերպ արատավորված չլինելու, 18 տարեկան լինելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը ու բազմաթիվ այլ հանգամանքներ: Կոնկրետ պարագայում կարելի էր այլ խափանման միջոց ընտրել կամ ընդհանրապես խափանման միջոց չընտրել:
Բայց ինձ մեկ այլ հանգամանք է շատ վրդովեցնում. քիչ առաջ մամուլում կարդացի, որ նշված գործով վարույթն իրականացնող քննիչն ազատվել է աշխատանքից իր պետի հետ միասին: Ես հիմա մի զուգահեռ կանցկացնեմ, որպեսզի ցույց տամ մեր դատաիրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը:
Նույն այդ քննիչի վարույթում մեկ տարի է քննվում է գործ, դեռևս անցած տարվա ապրիլին Երևան քաղաքի բանուկ փողոցներից մեկում՝ օրը ցերեկով, տուժող կողմի համար դեռևս չպարզված պայմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ հարված կամ հարվածներ է ստացել մեր տուժողը, որը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Մեկ տարի է, ինչ Կենտրոն վարչական շրջանի Քննչականներում քննվում է այդ գործը, ընդ որում՝ նշված քննիչի վարույթում է այդ գործը քննվել: Մի քանի անգամ անցած տարի հոկտեմբերին ես ինքս դիմել եմ գլխավոր դատախազ Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանին, ընդգծելով, որ տուժող կողմը հայտնում է իր բողոքն ու վրդովմունքը, որ իրավասու մարմինները ամիսներ շարունակ դրսևորում են բացարձակ անգործություն, որի հետևանքով հնարավոր հանցագործը կամ հանցագործները մնացել են անպատիժ, ինչի հետևանքով խարխլվում է քաղաքացիների հավատը ՀՀ իրավապահ համակարգի նկատմամբ:
Անցած շաբաթ ես կրկին գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին գրություն եմ ուղարկել, պահանջելով, որ հեռացնեն այդ քրեական գործը քննող դատախազին և այդ նույն քննիչին վարույթից, որովհետև արդեն լրանում է այդ հանցագործության մեկ տարին, բայց բացահայտված չէ:
Համադրելով սա ձեր կողմից բարձրաձայնված հարցի հետ, ես հանգում եմ հետևյալ եզրակացության, որ երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին ու հատկապես Փաշինյանին, ամբողջ դատաիրավական համակարգը օրնիբուն աշխատում է, գետնի տակից էլ հայտնաբերում են մեղավորներ, գիշերային արդարադատություն են իրականացնում, կալանավորում են մարդկանց, իսկ երբ հարցը վերաբերում է շարքային քաղաքացիների, այդ դեպքում դատաիրավական համակարգի անգործությունը ուղղակի աչքի է զարնում:
Հրապարակավ պահանջում եմ գլխավոր դատախազից ու Քննչական կոմիտեի նախագահից՝ համադրության մեջ դնել այս գործն էլ, որը մարդկային կյանք է արժեցել, և այդ 18 տարեկան երիտասարդի գործն էլ: Ինչպե՞ս ստացվեց, որ վերջին գործն այդքան աղմուկ ստացավ, այդքան արագ լուծվեց, իսկ մյուս գործն արդեն մեկ տարի է՝ տեղից չի շարժվում:
– Դուք ասում եք, որ իրավական համակարգը շատ արագ գործում է, երբ հարցը վերաբերում է Փաշինյանին կամ իշխանության մեկ այլ ներկայացուցչի, բայց երեկ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ինքը որևէ կապ չունի, իրավապահ համակարգն իր գործն է անում, ու առաջարկեց նմանատիպ բոլոր հարցերն ուղղել նույն այդ համակարգին:
– Լավ, էլի, մենք հասուն մարդիկ ենք, այսինքն՝ դուք Հայաստանում գիտե՞ք դատաիրավական մի կառույց, որը կարող է Նիկոլ Փաշինյանի կամքից անկախ կամ նրա համաձայնության համատեքստից դուրս ինչ-որ գործողություն իրականացնել: Անլուրջ է, էլի, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ որոշումներն իրականում կայացնում է Նիկոլ Փաշինյանը:
– Այդ դեպքում, կոնկրետ գործով ի՞նչ մեսիջներ է փորձում տալ իշխանությունը:
– Ուժ է ցույց տալիս, երկրորդը՝ այս գործողությունն ունի կանխարգելիչ նպատակներ, որ որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի այսուհետ հանրային վայրերում փորձ անել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինչ-որ գործողությունների դիմել: Բռնությունը, բնականաբար, պետք է մեր հանրային կյանքից դուրս մղենք, բայց այս ամենով հանդերձ իշխանության հակազդեցության համաչափությունն է ինձ համար զարմանալի: Համաչափ չէ այդ հակազդեցությունը, որը գործադրում է իշխանությունը:
– Պարո՛ն Նորիկյան, ինչ եք կարծում, հաշվի առնելով նաև այս երիտասարդի առողջական վատ վիճակը, խափանման միջոցի փոփոխություն կլինի՞:
– Մեր քրեադատավարական կարգավորումները հնարավորություն են տալիս, որ դատախազի ցուցումով քննիչը ցանկացած պահի փոխի մեղադրյալի նկատմամբ դատարանի կիրառած խափանման միջոցը: Ի՛նչ մի անհնարինության մթնոլորտ են ստեղծել, հենց հիմա էլ կարող են փոխել այդ տղայի խափանման միջոցը, եթե իհարկե Փաշինյանի կողմից այդ ցուցումը լինի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Հենց հիմա էլ կարող են փոխել այդ տղայի խափանման միջոցը, եթե իհարկե Փաշինյանի կողմից այդ ցուցումը լինի. Նորայր Նորիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.