Հայկական SARD Anti-Cheat-ը մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

 Հայկական SARD Anti-Cheat-ը մրցանակի է արժանացել GISEC 2024-ի ընթացքում

Ապրիլի 22-25-ը Դուբայում կայացել է GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Էքսպոյին եւ կոնֆերանսին զուգահեռ ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջեւ անցկացվող Cyber Stars մրցույթը, որտեղ «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող է ճանաչել SARD Anti-Cheat ընկերությանը։ Մրցույթին մասնակցել է 70 ստարտափ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգում հաղթող ճանաչվելու համար։

«GISEC Global-ի աշխարհագրությունը բավականին լայն է` Մերձավոր Արեւելքից մինչեւ Աֆրիկա եւ Եվրոպա։ Այս տարածաշրջանում լավագույնը ճանաչվելը եւ համաշխարհային ազդեցություն ունեցող ժյուրիի անդամների ոգեւորիչ խոսքերին արժանանալը մեզ համար անչափ պատվաբեր է։ Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում եւ SARD Anti-Cheat-ը շատ մոտ է համաշխարհային հաջողությանը»,- նշել է SARD Anti-Cheat ընկերության Բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գասպարյանը։

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների եւ մասնագետների համար գաղափարների եւ նորարարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարի ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare եւ այլն։

«GISEC-ին մասնակցելու մեր առաջնային նպատակը SARD Anti-Cheat-ի ներուժի ներկայացումն էր մի տարածաշրջանում, որտեղ կերտվում է կիբերանվտանգության ապագան։ Շատ ոգեւորիչ է, որ թեժ մրցակցության պայմաններում հենց մեր առաջարկած լուծումը եւ մեր զարգացման տեսլականը հաղթող ճանաչվեց»,- նշել է SARD Anti-Cheat ընկերության համահիմնադիր Տիգրան Գյուրջյանը։

SARD-ից տեղեկացնում են, որ էքսպոյին ներկայացրել են իրենց տեխնոլոգիական լուծումը՝ SARD Anti-Cheat-ը։ SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը AI-ով եւ կերնելային մակարդակում աշխատող մեթոդների խելացի համադրություն է, որը ոլորտում նորարար մոտեցում է։ SARD-ի թիմը թեեւ այս պահին կենտրոնացած է վիդեո խաղերի անվտանգության ապահովման ուղղությամբ, ընկերության երկարաժամկետ պլանները ներառում են ավելի լայն ոլորտներ ընդգրկող լուծումների մշակումն ու գործարկումը։

Читайте на 123ru.net