Ռուսական ռազմաբազան ապօրինի բանտ է Շչետինինի համար

Ռուսաստանցի նախկին զինծառայող Անատոլի Շչետինինը մեկ ամսից ավել է՝ պահվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում։ Հայրենիքում նրան մեղադրում են զորամասն ինքնակամ լքելու մեջ, 102-րդ ռազմաբազայում՝ փորձում վերադարձնել Ռուսաստան։ Շչետինինը պնդում է, որ հոժարակամ է հանձնվել ռուս ռազմական ոստիկաններին։ Առևանգման մասին ահազանգները հերքում է։

Նրա գործով մինչ այս զբաղվում էր «Հասարակական վճիռ» կազմակերպությունը՝ ռուսաստանցի փաստաբան Նարեկ Հակոբյանը, իրավապաշտպան Հասմիկ Նովիկովան։ Նրանց հետ առաջին հանդիպման ժամանակ (ապրիլի 10-ին) Շչետինինը բանավոր հրաժարվել էր իրավաբանական աջակցությունից, երկրորդ հանդիպման ժամանակ (ապրիլի 30-ին) մտափոխվել էր և խնդրել օգնել իրեն: Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 1-ին, տղամարդը զանգահարել էր Նովիկովային և տեղեկացրել, որ փաստաբանի կարիք չունի։ Հրաժարումն արդեն փաստաթղթավորվել է։

հարցազրույցը ձայնագրվել է մայիսի 5-ին

«Մենք կարող ենք տարբեր բաներ ենթադրել։ Ես ելնում եմ նրանից, որ երբ մարդը մեկ ամիս գտնվում է ըստ էության մեկուսացման մեջ և չի հասկանում իր կարգավիճակը, չի հասկանում իր քրեական գործի հետ կապված իրավիճակը, չգիտի նույնիսկ քննիչին, որը վարում է գործը Ռուսաստանում, պահվում է ռազմաբազայի տարածքում, որից դուրս տեղաշարժվում է բացառապես ռազմական ոստիկանի ուղեկցությամբ, դա այն հանգամանքները չեն, որոնցում մարդն ունի ազատ կամարտահայտման հնարավորություն», – Epress.am-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Հասմիկ Նովիկովան։

Ի՞նչ պրոցեսուալ կարգավիճակ ունի Անատոլի Շչետինինը, ի՞նչ հիմքով են նրան ավելի քան մեկ ամիս պահում ռազմաբազայի տարածքում։ Ռուս զինվորականները, ըստ նրա, հետին թվով մեղադրյալին ձևակերպել են որպես ռազմաբազայի պայմանագրային։ Լեգալիզացման փորձը իրավապաշտպանը հնարամիտ է գնահատում, բայց՝ ոչ համոզիչ․

«Ռուսական ռազմաբազան կալանքի տակ պահելու գործառույթ չունի։ Նրանք դա անելու իրավունք չունեն։ Իրենք հաուպտվախտ ունեն, բայց այն նախատեսված է բազային կցված զինծառայողների կարգապահական զանցանքների համար։ Այն նախատեսված չէ մարդկանց համար, որոնք քրեական հետապնդման են ենթարվում Ռուսաստանում։ Հիմա սա մեկուսացման ապօրինի տեղ է, ազատազրկման ապօրինի վայր, ապօրինի բանտ Շչետինինի համար»։

 

Շչետինինին, ըստ նրա, բանավոր խոստումներ են տվել, որ Ռուսաստան վերադառնալուց հետո իրեն քրեական հետապնդման չեն ենթարկի։ Անատոլին դրան իրոք հավատում է։ Նովիկովայի հետ վերջին հանդիպման ժամանակ նա գանգատվել է՝ հայ սահմանապահները թույլ չեն տալիս իրեն վերադառնալ Ռուսաստան։

Քանի որ Շչետինինի նկատմամբ միջազգային հետախուզում կար հայտարարված, նրան Ռուսաստան տանելու համար հարկավոր էր արտահանձման ընթացակարգ սկսել։ Էքստրադիցիայի պահանջ ներկայացնելու փոխարեն՝ ռուս ուժայինները մարտի 29-ին նրան «բերման էին ենթարկել» 102-րդ ռազմաբազա, հետո տարել «Զվարթնոց» օդանավակայան, որ տեղափոխեն Ռուսաստան։

Հայ սահմանապահները արգելել էին ելքը՝ հղվելով հետախուզման հիմքով մինչ այդ կիրառված խափանման միջոցին (բացակայելու արգելք)։ Նույնիսկ սրանից հետո ռուսական կողմը արտահանձման ընթացակարգ չի սկսել։ Սահմանափակումը շրջանցելու համար հետախուզումն են հանել։ Ենթադրաբար՝ կարծում են, որ հետախուզումը հանելուց հետո Անատալիին անարգել կերպով կկարողանան տանել Ռուսաստան։

տե՛ս նաև

Ռուսաստանցին հասկացել է, որ պատանդ է Գյումրիի ռազմաբազայում
Գյումրիի բազայում մեկուսացվածը «արդարացնում» է «առևանգողներին»
Գյումրիում առևանգված ռուսաստանցին գտնվել է Ռոստովում 

The post Ռուսական ռազմաբազան ապօրինի բանտ է Շչետինինի համար first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net