Starmus VII փառատոնը՝ 20 լուսանկարում

Մայիսի 13-ից 18-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվեց արվեստի եւ գիտության Starmus VII փառատոնը, որն այս անգամ նվիրված էր Երկիր մոլորակին եւ կրում էր Starmus Earth անվանումը:

Starmus-ի մեկնարկը տրվեց մայիսի 12-ին՝ էլեկտրոնային երաժշտության առաջամարտիկ Ժան-Միշել Ժառի “Bridge from the future” բացօթյա համերգով։

Համերգը դիտելու համար Բրատիսլավայի կենտրոնում մի քանի տասնյակ հազար մարդ էր հավաքովել:

Ժան-Միշել Ժառը ապացուցեց, որ 75 տարեկանում կարելի է չափազանց եռանդուն լինել:

Համերգի հատուկ հյուրն էր Starmus փառատոնի համահիմնադիր, բրիտանական Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը։

Համերգին ներկա նրա երկրպագուները հաստատ դժգոհ չմնացին:

Ակնհայտ էր, որ Բրայան Մեյը եւ Ժան-Միշել Ժառը եւս գոհ են համագործակցությունից, որը հնարավոր էր դարձել Starmus-ի շնորհիվ:

Համերգն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

Հաջորդ օրերին Starmus-ի գլխավոր վայրը Բրատիսլավայի Tipos մարզադահլիճն էր:

Սովորաբար այստեղ հոքեյի հանդիպումներ են տեղի ունենում, բայց մարզիկները մի քանի օրով իրենց տեղը զիջել էին Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:

Օրինակ՝ 1997 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած ամերիկացի ֆիզիկոս Սթիվեն Չուին:

Նորվեգացի նյարդաբան, 2014 թվականի Նոբելյան մրցանակակիր Էդվարդ Մոզերը Starmus-ի բեմից պատմում էր մեր ուղեղի աշխատանքի յուրահատկությունների մասին:

Apple ընկերության նախկին աշխատակից, iPod-ի եւ iPhone-ի ի հայտ գալու անմիջական մասնակից Թոնի Ֆադելը թեեւ դասական իմաստով գիտնական չէ եւ Նոբելյան մրցանակ չունի, բայց 300 պատենտի հեղինակ է եւ ներդրումներ է կատարել ավելի քան 200 տեխնոլոգիական ընկերություններում:

2017 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած ամերիկացի ֆիզիկոս Քիփ Թորնը Starmus փառատոնների մշտական հյուրն ու խոսնակն է:

Բրայան Մեյը մշտապես նստում էր առաջին շարքում եւ մեծ հետադրությամբ լսում էր խոսնակներին: Ժամանակ առ ժամանակ լուսանկարներ էր անում, որոնք շուտով հայտնվում էին սոցիալական ցանցերի նրա էջերում:

Starmus-ի մշտական հյուրերից է նաեւ իսպանացի աստղաֆիզիկոս Միշել Մայորը:

Բրայան Մեյին պատիվ ընձեռվեց գիտության հանրայնացման համար Սթիվեն Հոքինգի անվան մեդալներից մեկի դափնեկիր հայտարարել բրիտանացի անվանի գրող Դէվիդ Աթենբորոյին: Երաժիշտը ընթերցեց Աթենբորոյի ձեռագիր նամակը, որում նա ներողություն էր խնդրել նրա համար, որ պատկառելի տարիքի պատճառով (նա 98 տարեկան է) չի կարողացել գալ Բրատիսլավա եւ անձամբ ստանալ այն:

Սթիվեն Հոքինգի անվան մեդալների շնորհումից հետո Tipos Arena-ի բեմ բարձրացավ ամերիկյան The Offspring խումբը:

The Offspring-ը հրաշալի երեկո պարգեւեց իր երկրպագուներին եւ Starmus-ի հյուրերին:

Փառատոնի ընթացքում Բրայան Մեյը երկրորդ անգամ հանդես եկավ հատուկ հյուրի կարգավիճակում՝ բեմ բարձրանալով The Offspring-ի հետ:

Starmus փառատոնների ընթացքում ավանդաբար անցկացվում են Star Party միջոցառումերը:

Դրանց ընթացքում հյուրերը հնարավորություն ունեն նայել աստղերին եւ զրուցել աստղագետների հետ:

Ամերիկացի տիեզերագնաց եւ լուսնագնաց Չարլի Դյուկը փառատոնի հյուրերից մեկին պատմում է Լուսնի մասին:

Փառատոնի վերջին օրը կայացավ «108 րոպե» ավանդական քննարկումը, որի մասնակիցներից էին Starmus-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը եւ The Offsping-ի երգիչ Դեքսթեր Հոլանդը:

Ջեյն Գուդոլը երկար տարիներ ապրել է Քենիայում եւ ուսումնասիրել է շիմպանզեների կյանքը: Starmus-ի ընթացքում նա խոստովանեց, որ թեեւ 90 տարեկան է, բայց տարվա ընթացքում 300 օր ճանապարհորդում է՝ տարբեր կոնֆերանսներում եւ քննարկումներում մարդկանց ուշադրությունը հրավիրելով Երկիր մոլորակի բազմաթիվ խնդիրների վրա:

Արա Թադեւոսյան (Բրատիսլավա-Երեւան)

Читайте на 123ru.net