Բացվել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրությունը

Մայիսի 22-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պաշտոնապես բացվել է «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրությունը:  

Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաեւ Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Ցուցադրության համակազմակերպիչ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Շառլ Ազնավուրն այն արվեստագետն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակույթի մեջ ու ստացել է մեծ ճանաչում ու սեր.

«Դրա հետ մեկտեղ նաեւ երբեք չի դադարել լինել հայ, հավատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախություններին ու դժվարություններին։ Այսօր ուրախ եմ եւ հպարտ՝ կարողացել ել մասնակից դառնալ այսօրվա միջոցառմանը»։

«Շառլ Ազնավուրին իրավամբ կարելի է համարել 20-21-րդ դարերի մարդ-խորհրդանշան: Նրա արվեստը, երաժշտությունն ու ձայնը հիշողություններ ու ապրումներ ծնող մոգական ուժ ունեն: Միլիոնավոր մարդիկ հենց Շառլ Ազնավուրի ձայնով են վերապրում իրենց անցյալը, վերարժեւորում ներկան… Ազնավուրի անցած ուղին մաքառումների ճանապարհ է, որի արդյունքում ձեւավորվել է նրա անհատականությունը` միլիոնավոր մարդկանց համար թողնելով հսկայական մի ժառանգություն: Շառլ Ազնավուրը Ֆրանսիան ու Հայաստանը կամրջող խորհրդանիշ է, որի իմաստն ու խորությունը ապագա սերունդները դեռ երկար ժամանակ կգնահատեն ու կվերաիմաստավորեն»,- ասել է Հայկ Դեմոյանը:   

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երեւանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը կգործի մինչեւ հուլիսի 22-ը, մուտքն ազատ է:

Читайте на 123ru.net