Ջրհեղեղ Ալավերդիում. տներ ու ճանապարհներ են քանդվել, մարդիկ կորել (լրացվող)

Լոռու մարզում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան՝ գրել է ալավերդցի լրագրող Հրաչյա Պապինյանը։ Ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ կապի խնդիրներ ունեն, կանգնած են պատուհանագոգերին, սառը ջրի մեջ: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը հետ են գալիս և լցվում բնակարաններ: Խոսվում է անհետացած մարդկանց մասին:

ՆԳՆ նախնական տվյալներով, 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Կան տեղեկություններ, որ գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից։

Ավերված և անանցանելի են Մ6 միջպետական մայրուղու տարբեր հատվածներ, մարդիկ և մեքենաներ են արգելափակված: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր՝ Թումանայն փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է:

Անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ցամաքային փոխադրումները հնարավոր են «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Ջրերը քշել տարել են «Կատա» սուպերմարկետը գույքի, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերը քշել տարել են տասնյակ միլիոնների շինանյութ:

Պապինյանը հայտնում է նաև, որ ԱԻՆ-ը դեռևս հայտարարություն չի արել,  կապի բացակայության պատճառով  դեռ  հնարավոր չէ ճշտել, սակայն ենթադրություններ կան որ աղետը հետևանք է նաև Մեծավանի կամ Ձորագեսի ջրամբարների պատվարի փլուզման, կամ կանխարգելիչ ու արտակարգ  ջրթողի:

թարմացում — Ջրամբարի պատվարի վերաբերյալ ենթադրությունները հետագայում հերքվել են։

թարմացում — Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել է դի։

Ալավերդու Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով՝ կա 1 զոհ), հաղորդել է ՆԳՆ փրկարար ծառայությունը. «Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր»։

Տարածքային կառավարման նախարարությունը ներկայացրել է այս պահի դրությամբ փակ ճանապարհները և դրանց այլընտրանքային երթուղիները։

Թումանյան քաղաքից, Ալավերդու որոշ թաղամասներից հնարավոր չէ դուրս գալ։ Թումանյանի հատվածում գետը քշել, տարել է մայրուղուն զուգահեռ շինությունները, խանութները, սննդի կետերը։ Հոսանք չկա, գազ չկա:

The post Ջրհեղեղ Ալավերդիում. տներ ու ճանապարհներ են քանդվել, մարդիկ կորել (լրացվող) first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net